Հուլիսի 16-ին Դիլիջան քաղաքի ամֆիթատրոնում կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Դիլիջան  2017» երաժշտական փառատոնը, որին մասնակցում էին Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից,  Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած պարային խմբեր:

 

Սյունիքի մարզը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հովանավորությամբ, ներկայացրեցին «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց»  ՀՈԱԿ-ի 36 սաները՝ պարուսույց Լուսինե Հավհաննիսյանի ղեկավարությամբ: Փառատոնին դպրոցի սաները ներկայացրել են հայկական, հունական , ռուսական և լատինաամերիկյան 10 պարային համարներ՝ Լուսինե Հովհաննիսյանի և Հովիկ Պողոսյանի բեմադրությամբ:
«Փառատոնը մրցութային չէր, այլապես մեր երեխաները հաղթանակած, առաջին հորիզոնականը գրաված կվերադառնային»,- նշում են ծնողները:
Փառատոնի մասնակցության համար երեխաները ստացել են պատվոգրեր, հուշանվերներ և, որպես անակնկալ, համերգի տեսաերիզը:
«Մեր խումբը տարբերվում էր այլ խմբերից թե´բեմադրությունների բարձր որակով, թե´հագուստների բազմազանությամբ,- հպարտորեն նշում է Լուսինե Հովհաննիսյանը,-
թեպետ երեխաները առաջին անգամ չէ, որ մասնակցում են նմանատիպ փառատոնների, բայց և այնպես, յուրաքանչյուր նման նախաձեռնություն նրանց մոտ ավելացնում է փորձը, զարգացնում է անկաշկանդ ելույթ ունենալու արվեստը, հաղթահարվում են մի շարք բարդույթներ, իսկ ծնողների համար իրենց փոքրիկներով հպարտանալու ևս մեկ հիանալի առիթ է»:Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ թե´ծնողները, թե´պարուսույցները արել են հնարավոր ամեն ինչ՝ օրը երեխաների համար իրական տոն դարձնելու համար, իսկ փոքրիկ ճանապարհորդությունը, բոլորի ջանքերով, վերածվել է գեղեցիկ, ճանաչողական էքսկուրսիայի:
Մեզ հետ զրույցի ավարտին պարուսույց Լուսինե Հովհաննիսյանը իր, ծնողների և հատկապես երեխաների անունից շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին՝ իրենց այդ գեղեցիկ տոնը պարգևելու համար: