Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային  օրն է: 1999 թվականին ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը աշխարհում առաջին անգամ  նշվել է  2000 թվականի օգոստոսի 12-ին:
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ տոնն այս տարի մեկ օրով չի սահմանափակվի և կնշվի մեծ շուքով. երիտասարդների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, տոնական երեկոներ: Միջոցառումների ցանկը կազմվել է համայնքապետարանում ակտիվ երիտասարդների հետ անցկացված քննարկումների արդյունքում, առաջարկները նրանցն են:


Հուլիսի 22-ին Համո Սահյանին նվիրված հուշ-ցերեկույթով ազդարարվեց միջոցառումների մեկնարկը: Մեր Սրբության Սրբոց, մեծն վարպետին հիշելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել սահյանասեր սիսիանցիներ, ովքեր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին գրողի հուշարձանին: Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, «Սիսական» հայրենակցական-հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Պողոսյանը:
Սիսիանի քաղաքային գրադարանի ջանքերով կազմակերպված ցերեկույթը ևս մեկ առիթ էր հնչեցնելու վարպետի անմահ տողերը,  հպարտանալու, որ Սահյանը մերն է: Սահյանական էր երիտասարդների  ասմունքը, սահյանական էր Սիսիանի երաժշտական դպրոցի սաների կատարումները:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ «Սիսական» հայրենակցական-հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Պողոսյանը, ով առաջարկեց Սահյանի մահվան օրվան ՝ հուլիսի 17- ին, հաջորդող շաբաթ օրը համարել սահյանական օր, տոհմականչի օր: Ֆելիքս Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց  նաև աջակցելու և համագործակցելու Սիսիանի համայնքապետարանի հետ՝ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում:
 Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր ելույթում  նշեց, որ մշտապես պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր մտահոգ են Սիսիանով, Սիսիանի մշակութային կյանքով և կոչ արեց երիտասարդներին լինել ակտիվ՝ միասին տոնելու և անցկացնելու երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ միջոցառումների շարքը: