Հուլիսի 25-ին, Սիսիանի մշակույթի կենտրոնում երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացավ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի համերգը:
Նպատակը մեկն էր՝ երիտասարդությանը մեկ անգամ ևս ներկայացնել մերը , ազգայինը, կոտրել այն կարծրատիպը, թե այսօրվա երիտասարդությանը չի հետաքրքրում ժողովրդական երգարվեստը: Ինչը, եթե ոչ երգը կարող է այդչափ անմիջական ազդեցություն ունենալ մարդկային հոգու վրա՝ ոգևորել,  ուրախացնել, հուզել կամ տխրեցնել: Առանձնահատուկ ու ինքնատիպ ազդեցություն ունի ժողովրդական, աշուղական երգն ու երաժշտությունը:

Այն մեր ժողովրդի պատմությունն է, ցավի ու սիրո արտահայտումը,  գրական ու երաժշտական առանձնահատկությունների դրսևորումը: Ժողովրդական գործիքների անսամբլի պրոֆեսիոնալ ու հնչեղ կատարումները ներկաներին կտրեցին օտարահունչ, անճաշակ երգերից ու տարան դեպի մեր արմատները, դարերի պատմություն ունեցող մեր արժեքները:
«Ժողովրդական հին երգերը վերհիշելը այսօր, ավելի քան երբևէ, հրատապ խնդիր է, օտարահունչ մեղեդիներով ու կասկածելի բառերով հորինվող երգերը ավերում են մեր երիտասարդների ճաշակը: Իհարկե, բոլորս էլ ազատ ենք մեր երաժշտական նախասիրություններում, բայց  խոսքը ոչ թե նախասիրության, այլ ճաշակի մասին է, իսկ ճաշակը, ի տարբերություն նախասիրությունների, ոչ թե փոփոխական, այլ հաստատուն երևույթ է, այն պետք է դաստիարակել».- բացման խոսքում ասաց հաղորդավարուհի Հասմիկ Ծատուրյանը:
Երգացանկը բազմազան էր, կատարումները՝ քաղցրահունչ: Հնչեցին Գուսան Աշոտի, Աշուղ Նազելիի, Աշուղ Երամի, Աշուղ Աստղանուշի և այլոց ստեղծագործությունները: Դահլիճում թևածում էր ժողովրդական երգը, որում ամփոփված է հայ շինականի անխոնջ աշխատանքը, ամթոխած սիրահար զույգերի պարզ ու ջինջ սիրո դրսևորումները, սիրած յարի գովաբանությունը, մարդկային հոգու ազատության ձգտումն ու «ոգեղեն ճախրանքը»: Ժողովրդական գործիքների անսամբլում կողք կողքի աշխատում և ստեղծագործում են թե′ ավագ սերնդի և թե′ երիտասարդ երաժիշտներ. երգչուհիներ Անուշ Աղաջանյանը, Սաթիկ Կարապետյանը,  երգիչ Արամայիս Մանուչարյանը,  քանոնահարներ  Նաիրա Հակոբջանյանը, Սոսե Հովհաննիսյանը,  Նունե Վարդանյանը, Աննա Կարապետյանը, սանթուրահար Հեղինե Գալստյանը,  դուդուկահար  Հովիկ Հովսեփյանը, շվիահար Կարո Իսաջանյանը, դհոլահար Իշխան Գրիգորյանը,  խմբի ամենաավագը՝ քամանչահար Վալերիկ Գևորգյանը, անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Հարություն Գրիգորյանը:
Ազգային նվագարաններին լրացնում  և, ինչու չէ, նաև երիտասարդների համար ժողովրդական երգն առավել լսելի է դարձնում ժամանակակից երաժշտական գործիքների հնչյուններն ու երգերի նորովի գործիքավորումը.  «Համույթի երգացանկը հարուստ է և բազմազան, երաժիշտները փորձառու են և նվիրյալ: Գնահատելի է հատկապես խմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Գրիգորյանի աշխատանքը, նրա կողմից կատարված նորովի գործիքավորումը»,-ասում է մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանը: 

Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը գրեթե 10 տարվա պատմություն ունի, ինչպես նախկին գեղարվեստական ղեկավար Հրաչիկ Կարապետյանը , այնպես էլ բոլոր նրանք, ովքեր այսօր համույթում չեն, իրենց ներդրումն ու ավանդն ունեն խմբի կազմավորման և կայացման գործում:  Անհերքելի է, որ այս տարիների ընթացքում անսամբլը կարողացել է ստեղծել իր ուրույն երանգն ու դերը սիսիանյան մշակութային խճանկարում:  Նրանք սիրված են և գնահատված,

նրանց ծափահարում են թե մեծերը, թե փոքրերը: Համերգն ավարտվեց ներկաների հիացական ծափողջյուններով, գովեստի խոսքերով: Համերգից հետո իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանը «Ես հիացած եմ և միևնույն ժամանակ հպարտանում եմ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի բարձրորակ կատարումներով: Համույթը կազմավորել են այնպիսի անհատականություններ, ովքեր իրենց գործի գիտակն են, ովքեր նվիրումով են ապրում ու ստեղծագործում,  ովքեր մեծ սիրով են երգում ու նվագում և այդ ամենը կարողանում են փոխանցել հանդիսատեսին: Չգիտես ինչու մեզանում ավելի շատ նախապատվությունը տալիս են ժամանակակից երգարվեստին, բայց վերջին շրջանում ժողգործիքների համույթի կատարումից հետո սիսիանցիների մեջ էլ արդեն իսկ նկատելի է սեր դեպի ժողովրդական երգարվեստը: Անսամբլում ներգրավված են տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդիկ. 67-ամյա Վալերիկ Գևորգյանը հոգս ու ցավից հեռու նվագում է իր քամանչան՝ ունկնդիրներին հրամցնելով արդեն իսկ շատ հնացած գործիքի՝ քամանչայի մեղմահնչյուն ու մեղրածոր ելևէջնեը: Ուզում եմ շնորհակալության իմ խոսքն ասել նրանց՝ ղեկավարությամբ տիկին Մարգարյանի, որ հոժարակամ  և մեծ սիրով մասնակցում են համայնքային գրեթե բոլոր միջոցառումներին՝ ավելի գեղեցիկ և հայեցի տեսք հաղորդելով միջոցառմանը: Թող ծաղկի, ոչ թե մոռացվի, թող հիացնի, ոչ թե վանի մեր ժողովրդական երգարվեստն իր համ ու հոտով»

Եվ իսկապես, թող որ հարատևի ու ծաղկի մեր ազգայինը, մեր հոգու արտացոլանք հայ երգը, հայկական արվեստն ու մշակույթը: