- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումները շարունակվում են:
Հուլիսի 22-ին Համո Սահյանին նվիրված հուշ- ցերեկույթով մեկնարկած միջոցառումների շարքը օր օրի հաջողությամբ համալրվում է, դառնում բազմաժանր և միմյանցից տարբերվող:
Սկզբնական շրջանում երիտասարդների պասիվ մասնակցությունը կազմակերպիչների մոտ մտավախություն էր առաջացրել. կամ միջոցառումները երիտասարդներին չեն հետաքրքրում, կամ էլ Սիսիանում երիտասարդների շարքերը նվազել են: Բարեբախտաբար թե մեկը, թե մյուսը սխալ կանխատեսումներ էին: Զգալով համայնքապետարանի աջակցությունը և իրենց մտահղացումները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ մի խումբ ակտիվ երիտասարդներ ոչ միայն սկսեցին մասնակցել միջոցառումներին, այլև հանդես եկան մի շարք նախաձեռնություններով. կիթառի երեկոներ, դիսկոտեկ, արշավ և նորաոճ party -ներ:

Այս օրերին, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, հրապարակում ամեն երեկո երաժշտություն է հնչում՝ մեկտեղելով և համախմբելով սիսիանցի երիտասարդներին, նրանց երեկոները դարձնելով առավել գեղեցիկ և հաճելի :
Օգոստոսի 5-ին «Մեղրի փառատոնին» հաջորդեց ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպված հերթական խելահեղ, նորաոճ «White party» ին: Պարային ռիթմերը համակել էին բոլորին, լուսային գեղեցիկ ձևավորմամբ դիսկոտեկը հրապարակ էր բերել հարյուրավոր սիսիանցի երիտասարդների:
Այսպես կլինի նաև օգոստոսի 12-ին, երիտասարդության միջազգային օրվան նվիրված գալահամերգի ժամանակ, որին կնախորդեն երիտասարդական արշավը, բազում սպորտային և մշակութային մրցույթներ:
Իսկ մինչ այդ օրը դեռ անակնկալներ շատ կան. օգոստոսի 7-ին Սիսիանի թատերական խմբի սաները կներկայացնեն «Ախ ներվեր, ներվեր» կատակերգությունը: Օգոստոսի 8-ին Սիսիանի կենտրոնական հրապարակում կլինի նախադեպը չունեցող բացօդյա կինոդիտում, իսկ օգոստոսի 10-ին Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում, քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ, տեղի կունենա Եղիշե Չարենցի 120 ամյակին նվիրված միջոցառում:
Սիրելի երիտասարդներ, եղեք ակտիվ, ապացուցեք, որ ցանկության դեպքում կարող եք լինել միասնական և համախմբված:
Add comment
1