Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումները շարունակվում են:
Հուլիսի 22-ին  Համո Սահյանին նվիրված հուշ- ցերեկույթով մեկնարկած միջոցառումների շարքը  օր օրի հաջողությամբ համալրվում է, դառնում  բազմաժանր և  միմյանցից տարբերվող:
Սկզբնական շրջանում երիտասարդների պասիվ մասնակցությունը կազմակերպիչների մոտ մտավախություն էր առաջացրել. կամ միջոցառումները  երիտասարդներին չեն հետաքրքրում,  կամ  էլ Սիսիանում երիտասարդների շարքերը նվազել են: Բարեբախտաբար  թե մեկը,  թե մյուսը սխալ կանխատեսումներ էին: Զգալով համայնքապետարանի աջակցությունը և իրենց մտահղացումները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ մի խումբ ակտիվ երիտասարդներ ոչ միայն սկսեցին մասնակցել միջոցառումներին, այլև  հանդես եկան մի շարք  նախաձեռնություններով. կիթառի երեկոներ, դիսկոտեկ, արշավ և նորաոճ party -ներ:


Այս օրերին, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, հրապարակում ամեն երեկո երաժշտություն է հնչում՝ մեկտեղելով և համախմբելով սիսիանցի երիտասարդներին, նրանց երեկոները դարձնելով առավել գեղեցիկ և հաճելի :
Օգոստոսի 5-ին  «Մեղրի փառատոնին»  հաջորդեց  ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպված հերթական  խելահեղ, նորաոճ «White party» ին: Պարային ռիթմերը համակել էին բոլորին, լուսային գեղեցիկ ձևավորմամբ  դիսկոտեկը հրապարակ էր բերել հարյուրավոր սիսիանցի երիտասարդների:
Այսպես կլինի նաև օգոստոսի 12-ին, երիտասարդության միջազգային օրվան նվիրված գալահամերգի ժամանակ, որին կնախորդեն երիտասարդական արշավը, բազում սպորտային և մշակութային մրցույթներ:
Իսկ մինչ այդ օրը դեռ անակնկալներ շատ կան. օգոստոսի 7-ին Սիսիանի թատերական խմբի սաները կներկայացնեն  «Ախ ներվեր,  ներվեր» կատակերգությունը: Օգոստոսի 8-ին Սիսիանի կենտրոնական հրապարակում կլինի նախադեպը չունեցող բացօդյա կինոդիտում, իսկ օգոստոսի 10-ին Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում, քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ,  տեղի կունենա Եղիշե Չարենցի 120 ամյակին նվիրված միջոցառում:
Սիրելի երիտասարդներ,  եղեք ակտիվ, ապացուցեք,  որ ցանկության դեպքում կարող եք լինել միասնական և համախմբված: