Օգոստոսի 7-ին, երիտասարդության օրվան ընդառաջ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաները սիսիանցի հանդիսատեսին իրենց փայլուն ելույթով թատերական տոն պարգևեցին: Մշակույթի կենտրոնի բեմում էր խմբի ղեկավար Աննա Հակոբյանի բեմադրած «Ախ,ներվեր,ներվեր» կատակերգությունը:  Խմբի 12  սաների մասնակցությամբ Գրիգոր Տեր-Գրիգորյանի համանուն ստեղծագործությունը ներկայացվեց յուրովի՝ փոփոխված, համալրված ժամանակակից տարրերով, ծիծաղաշարժ իմպրովիզներով:

 

-Երեխաները խաղում են մեծերին հատուկ հմտությամբ,- նկատում է մշակույթի կենտրոնի աշխատակից տիկին Վալյան,- խմբի ներկայացումների ժամանակ դահլիճը միշտ մարդաշատ է լինում, մեծ հաճույքով են գալիս՝  երեխաների խաղը դիտելու:
Թատերական խումբը ձևավորվել է մշակույթի կենտրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ:  Խ.  Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ստանալով մասսայական հանդիսությունների ռեժիսորի մասնագիտություն՝ Աննան նախընտրեց վերադառնալ հայրենի եզերք և իր ուժերն ու գիտելիքները ծառայեցնել Սիսիանի մշակութային կյանքի զարգացմանը:  Թատերական խմբի ձևավորումը և նրա գործունեությունը Աննայի կյանքում կարևորագույն ձեռքբերում է,  ինքնահաստատման ճանապարհ:
Թատերական խումբը մշտապես մասնակցում է համայնքային բոլոր միջոցառումներին, նախաձեռնություններին:  Խմբի խաղացանկը բազմաժանր է, ստեղծագործական անցած չորս տարիների ընթացքում այն հարստացել է Աննա Հակոբյանի բեմադրած բազում ներկայացումներով՝ «Թումանյանի հեքիաթները», «Մոխրոտը»,  «Քնած գեղեցկուհին», «Չար ոգի», «Բուրատինոյի արկածները», «Տաքսի-տաքսի»,  «Ոտքի,դատարանն է գալիս», «Հին Աստվածները»: Երեխաները կարողանում են կերտել ինչպես իրենց հարազատ հեքիաթների հերոսների կերպարները,  այնպես էլ նույն հեշտությամբ և հմտությամբ ներկայացնել դասականների ստեղծագործությունների խորը հոգեբանական շերտերն ու ասելիքը: Ներկայացումներին մեծ հաճույքով գալիս են թե երիտասարդները և թե մեծահասակները: Վերջիններիս հիշողության մեջ դեռ պահպանված են Սիսիանի քաղաքային կուլտուրայի տան ժողովրդականի կոչում ստացած թատերական խմբի հիշարժան ներկայացումները, որոնք 70-ականներից մինչև 90-ականներ, ռեժիսոր Արտաշես Եսայանի գլխավորությամբ Սիսիանում ուրույն թատերական մթնոլորտ էին ստեղծել: Այսօրվա թատերական խումբը պատվով շարունակում  է  նրանց գործը՝  նոր մտածելակերպով ու ժամանակակից մոտեցումներով:
Աննան ինքնատիպ մոտեցում ունի աշխատանքին, թույլ է տալիս երեխաներին ազատ դրսևորվելու, իրենց տեսակետը արտահայտելու, ինչի արդյունքում շատերի մոտ հաղթահարվել են բազմաթիվ բարդույթներ, հղկվել է նրանց բանավոր խոսքը, ձեռք են բերել երկար տեքստեր անգիր անելու ունակություն:
-Թատերական խումբը կազմված է դպրոցահասակ երեխաներից,- ասում է Աննա Հակոբյանը,-  իմ և նրանց տարիքային տարբերությունը մեծ չէ, ուստի մեր աշխատանքը հիմնված է ընկերության և փոխադարձ վստահության վրա: Հնարավորություն եմ տալիս ազատ ստեղծագործելու, բեմում հնարավորինս անկաշկանդ լինելու և երբեմն տեսարանները համեմելու իրենց իմպրովիզներով: Միակ պահանջս մաքուր հայերենով խոսել ն է,  միակ արգելքս՝ ժարգոնային բառեր օգտագործելը:
Սաներից Գրիգոր Աղաջանյանը այս տարի, թատերական խմբում ստացած գիտելիքների շնորհիվ, բարձր ցուցանիշներով ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ:
Երեխաները ոգեշնչվում են, հատկապես, երբ դահլիճը լեփ լեցուն են տեսնում, առավել մեծ հաճույքով են տրամադրվում խաղին, ըմբոշխնում ծափահարությունները՝ մոռացության տալով լարվածությունը և հոգնածությունը:
-Պատանի դերասանները մեծ պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր բեմադրությանը,-ասում է խմբի ղեկավարը,- բեմ դուրս գալուց առաջ նրանց միակ նպատակը ինձ հուսախաբ չանելն է:
Թատերական ներկայացումների հաջողության գրավականը, անսխալ խաղից բացի, նաև համապատասխան դեկորներն են, որի կարիքն այսօր թատերական խումբը զգում է.
-Համոզված եմ, որ առաջիկայում համայնքապետարանի աջակցությամբ կկարողանանք ձեռք բերել դեկորներ, հագուստներ և այլևս ստիպված չենք լինի ներկայացումների համար ժամանակավոր վարձակալել,-ասում է խմբի ղեկավար Աննա Հակոբյանը և հայտնում իր ցանկությունն ու երազանքը,- իմ և երեխաների երազանքն է տարբեր քաղաքներ հյուրախաղերով շրջագայելը, թատերական փառատոններին մասնակցելը, մեծ բեմերում հանդես գալը:

Հ.Գ.Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի թատերական խմբակը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն: Ուսումնառությունը 5-ամյա է: Խմբակ կարող են դիմել 8 տարեկանից բարձր այն երեխաներն ու պատանիները, ովքեր ունեն դերասանական ունակություններ, գեղեցիկ խոսք և անկաշկանդ պահելաձև: