Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  Օգոստոսի 10-ին մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:


«Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա»,- Ակսել Բակունցի խոսքերն են՝  նվիրված Եղիշե Չարենցին, պոետ, ով իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի հայ գրականության մեջ: Նրա ասելիքը՝ ազատատենչ ու համարձակ շնչով, նորօրյա է և հոգեհարզատ երիտասարդներին:
Միջոցառման ընթացքում ընդգրկուն և ճանաչողական ելույթներով հանդես եկան հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Էվելինա Թադևոսյանը, Նելլի Հովսեփյանը և Վարդուհի Իվանյանը: Նրանք հանդիսատեսին տարան չարենցյան աշխարհ, ուր նրա դժվարին կյանքն էր, ապրումները, սերերն ու կանայք, ստեղծագործություններում անթեղված հոգու ճիչն ու թռիչքը:
Միջոցառումը ուղեկցվում էր մեծ պոետի խոսքով, երիտասարդների ասմունքով, Սիսիանի մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի և արվեստի դպրոցի սաների ելույթներով:
Կազմակերպիչներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանը, նա իր խոսքում կարևորեց  նման միջոցառումների դերը, ուսուցողական և ճանաչողական նշանակությունը: