Սիսիանցի երիտասարդ նկարչուհի, արվեստագետ Արգինե Սահակյանին շատերն են ճանաչում: Նրա ստեղծագործություններին ծանոթ են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Արգինեն բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Սիսիանից դուրս ապրելու, ստեղծագործելու և, միգուցե, «ավելի շատ գնահատվելու» համար, սակայն նրա երազանքներն ու ծրագրերը կապված են հարազատ բնօրրանի՝ Սիսիանի հետ: 

Հայրենի բնությունն է նրա արվեստի կենսատու աղբյուրը, սահյանական պոեզիան է նրա  «ճախրանքի» ներշնչանքը, հայրենի հողից ստացած ուժով է արվեստագետը սահմաններ հաղթահարում ու դեպի վեր բարձրանում:


Երիտասարդ նկարչուհին նաև իր քաղաքի հոգսերով ու խնդիրներով ապրող քաղաքացի է, հասարակական գործիչ:
-Սիրելի՛ Արգինե, մեր հանդիպման առիթը Ձեր միջնորդությամբ և Հայաստանի շտապօգնության հանձնախմբի ատենապետ Լորանս Շարոյանի օգնությամբ Շվեդիայի հայ համայնքի կողմից Սիսիանի բժշկական կենտրոնին ուղարկված օգնությունն էր, նախ մի փոքր խոսենք այդ մասին:
-Ամուսինս, Շվեդիայում բուժում ստանալու ժամանակահատվածում, ծանոթացել է հայ համայնքի ներկայացուցիչներից շատերի հետ, որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ են ստեղծվել, այդ թվում նաև Լորանս Շարոյանի հետ, ով Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ է: Վերջերս տեղեկացա, որ Շվեդիայի հայ համայնքից բժշկական իրեր, առաջին բուժօգնության պարագաներ են ուղարկվել Հայաստան, և պարոն Շարոյանը հետաքրքրվում է, թե որ պետական հիվանդանոցում դրանց կարիքը կա: Անտարբեր չէի կարող մնալ: Քաջատեղյակ լինելով, որ Սիսիանի հիվանդանոցը այդ օգնության կարիքը շատ ունի, խնդրեցի պարոն Շարոյանին, որ այդ իրերը տրամադրվեն մեր հիվանդանոցին: Իմ խնդրանքը չմերժվեց, և մենք կարողացանք, երկար գործընթաց հաղթահարելով, օգնությունը հասցնել Սիսիան: Այսօր ես շատ ուրախ եմ, որ կարողացա Շվեդիայի հայ  համայնքի բարերարների հայացքը ուղղել դեպի մեր համայնք:
-Ստացվում է, որ Արգինե Սահակյանը ոչ միայն արվեստագետ է, այլև իր համայնքի հոգսերով ապրող երիտասարդ, ինչու չէ նաև հասարակական գործիչ:
-Կարծում եմ, եթե ինձ նման անհատները, անկախ նրանից, թե ինչով են զբաղվում, սեփական ես-ից զատ ուշադրություն դարձնեն նաև իրենց շրջապատին, փոխեն եսակենտրոն մտածելակերպը, անձնվեր մոտեցում ցուցաբերեն իրենց քաղաքի, հայրենիքի հանդեպ, ապա դեպի լավը կփոխվի մեր քաղաքը, մեր առօրյան և կունենանք ապագայի հանդեպ մտահոգ երիտասարդություն:
-Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար:
-Սիսիանցի երիտասարդները զարգացած են, տաղանդավոր: Ունենք շատ լավ նկարիչներ, քանդակագործներ, կավագործներ, երգիչներ, գրողներ, որոնց ոգևորելու և թև տալու համար շատ բան պետք չէ. հարկավոր է նրանց համախմբել, ամենափոքր նախաձեռնությանը անգամ սատարել, հնարավորություններ ստեղծել՝ երկրի սահմաններից դուրս կապեր հաստատելու, տարատեսակ ծրագրերի մասնակցելու, կրթվելու և զարգանալու համար:
-Դուք Ձեզ գնահատված զգու՞մ եք:
- Գիտեք, ես իմ ճանապարհին հաղթահարել եմ և՛ նախանձ, և՛ չկամություն, երբեմն նաև հուսալքվել և վիրավորվել եմ իմ ավագ գործընկերներից: Երբեմն հիասթափվել եմ, երբ հասկացել եմ, որ իմ գաղափարներն օգտագործելով, այլոք են ծափահարությունների արժանանում: Շատ հաճախ դրսում փառատոններին կամ ցուցադրություններին ներկայացրել եմ Սիսիանը, սիսական բնաշխարհը, սակայն գնահատանքի փոխարեն լռության պատի եմ հանդիպել: Հաճախ քննադատություններ եմ լսել, բայց...բայց չեմ կոտրվել, այլ՝ հակառակը, շարունակել եմ իմ արվեստով, իմ հասարակական գործունեությամբ ծառայել իմ քաղաքին:
-Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է շրջադարձային մի փուլ, երբ կյանքը փոխում է հունը: Ո՞րն էր Ձեր կյանքի այդ փուլը:
- Շրջադարձային եղավ 2010 թվականին իմ մասնակցությունը «CARE international» կազմակերպության կողմից իրականացվող  «Հարավային Կովկասում խաղաղության կառուցման համար կանանց հնարավորությունների հզորացում» տարածաշրջանային եռամյա ծրագրին: Ծրագիրը ինձ օգնեց ավելի ինքնավստահ դառնալ, ուսումնասիրել կնոջ հնարավորությունները հզորացնող միջազգային փորձը, օրենքները: Այդ օրերի աշխատանքային մթնոլորտը ինձ ոգևորեց, մեծ վստահություն ներշնչեց: Ժամանակի ընթացքում իմ մտահղացումներից շատերը կյանքի կոչվեցին: Հասկացա, որ հայ կինը ոչ միայն ընտանիքում, այլ նաև հասարակական կյանքում կարող է և պետք է ակտիվ լինի: Սիսիանի կանանց նախաձեռնող խումբը, այդ թվում և ես, ծրագրի շրջանակներում, մի շարք միջոցառումների, նախաձեռնությունների, ցուցահանդեսների հեղինակ դարձավ. Նիկողայոս Ադոնցի արձանի հարակից անմխիթար տարածքը վերածվեց <Խաղաղության> պուրակի, կազմակերպվեց մեծ ցուցահանդես, որտեղ ներկայացրեցի ուլունքներով հյուսված ժանյակներ, բնանկարներ, ուլունքագործ նատյուրմորտներ: Որոշները վաճառվեցին, զանգվածային լրատվամիջոցներում իմ մասին պատմող նյութեր հրապարակվեցին : Ես ճանաչում ձեռք բերեցի և հավատացի, որ կարող եմ, կարող եմ ոչ միայն ստեղծել հոգևոր արժեքներ, այլ նաև օգնել իմ ընտանիքին: Թեպետ ասել, որ իմ արվեստն այսօր իմ ընտանիքի համար հիմնական ֆինանսի աղբյուր է, մի փոքր չափազանցություն կլինի, համատարած անճաշակություն է, իսկ ես ուզում եմ ստեղծել անկեղծ արվեստ, որը մեր օրերում այնքան էլ չի գնահատվում:
-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը, ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները:
-Ես ծնվել եմ Սիսիանի տարածաշրջանի Բորիսովկա /այժմ Ծղուկ/ գյուղում՝ ավանդապաշտ, բազմանդամ ընտանիքում: Արվեստի հանդեպ սերը իմ և քույրերիս մեջ սերմանվել է դեռ մանկուց՝ ծնողներիս կողմից: Հենց իմ մանկությունն էլ իմ ամենամեծ ներշնչանքի աղբյուրն է: Իմ հուշերում անթեղված բնապատկերները ամեն պահ աչքերիս առջև են, ստեղծագործելիս զգում եմ այն մաքուր օդը, որ կանաչ դաշտերում խաղալիս ըմբոշխնում էի, լսում եմ այն թռչունների ծլվլոցները, որոնց ճախրանքին հետևում էի ու երազում նրանց նման թռչել բաց երկնքի տակ: Ինձ համար կյանքի ուղեկից են իմ ամենամեծ ուսուցչի՝ հորս խոսքերն ու խրատները: Այսօր արդեն իմ ներշնչանքի աղբյուրն է նաև իմ փոքրիկ ընտանիքը, ամուսնուս սերն ու աջակցությունը, երեխաներիս հաջողություններն ու ձեռքբերումները: Իմ հարազատների սերն ու հոգատարությունը ինձ թույլ են տալիս առավել բարձր  «Ճախրել>, կոտրել սահմաններ, հաղթահարել ամեն տեսակի դժվարություններ: Ինձ համար, որպես ոգեշնչման աղբյուր, եղել է ու կա իմ ազգական Գետիկ Բաղդասարյանի արվեստը, իսկ որպես խթանիչ ուժ՝ մեր մեծ նկարիչ Զախար Ավագիչի այն խոսքերը, թե իմ մեջ տեսնում է ապագա մեծ նկարչուհու:
- «Սովորելու համար երբեք ուշ չէ» արտահայտությունը կարծես հենց Ձեզ համար է ասված:
- Իսկապես, ես ամեն վայրկյան սովորում եմ, նոր գիտելիքներ ձեռք բերում: Մանկուց եմ եղել այդպիսին՝ պրպտող, նպատակալաց, ցանկացած սկսած գործ ավարտին հասցնող: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով, ստացել եմ նկարիչ-դիզայների մասնագիտություն, իմ ուժերը փորձել եմ տարբեր ոլորտներում. սովորել եմ գործավարություն, կարպետագործություն, ուսումնասիրել եմ լեզուներ, մասնակցել եմ բազմաթիվ ծրագրերի, մի խոսքով, իմ կյանքի ամեն վայրկյանը հենց այնպես չեմ ապրում, ես անընդհատ սովորում եմ: Այսօր նորից ուսանող եմ, սովորում եմ Գորիսի պետական համալսարանի մեթոդիկա և մանկավարժություն բաժնում: Ես այդպիսինն եմ...
-Խոսենք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
-Բազմաթիվ ցուցադրությունների եմ մասնակցել, արժանացել եմ տարբեր շնորհակալագրերի և պատվոգրերի: Ունեցել եմ երկու անհատական ցուցահանդես: Առաջին ցուցադրությունս 2012 թվականին էր՝ Գորիս քաղաքում, Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տան հովանավորությամբ ցուցադրվեցին իմ գեղանկարները: Երկրորդը՝ 2016 թվականին՝ Սիսիանում, Արթուր Սարգսյանի օգնությամբ իմ  «Պարող կտավներ» ինքնատիպ ցուցադրությունը կազմակերպվեց  «ԱՎՏՈՒՐ» հարսանյաց սրահում: Այս ցուցադրությունը ինձ համար նշանակալից էր այնքանով, որ ես կարողացա շատ կարծրատիպեր կոտրել՝ միաձուլելով նկարչությունը, երգը, պարը, երաժշտությունը, ասմունքը:Ցուցադրությանը իր մասնակցությամբ մեծ շուք հաղորդեց մանկագիր, բանաստեղծ, իմ լավ բարեկամ Աննա Կոստանյանը, նրա բանաստեղծությունները, ասմունքը դարձան իմ ցուցադրության համեմունքը:
Հաջողություններիս շարքը այսքանով չի ավարտվում. 2016 թվականին, Հայաստանի մշակութային հեռուստաընկերության կողմից,  իմ  «Եղեռն» կտավով ճանաչվել եմ տարվա լավագույն նկարիչ: Նույն կտավը ցուցադրվել է Գլենդելի կենտրոնական փողոցների լուսաէկրաններին՝ որպես Հայոց Ցեղասպանության դատապարտում: Շուտով Շվեդիայի հայ համայնքում կկազմակերպվի իմ անհատական ցուցահանդեսը: Ես վերականգնել եմ Սյունքի «տնամեջի» տարազը, որով էլ հանդես եմ գալիս բոլոր ցուցադրությունների ժամանակ: Հպարտությամբ եմ ներկայացնում Համո Սահյանին, Սիսիանին նվիրված նկարներիս շարքը, մեծ ցավով և հուզմունքով՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զոհված տղաների դիմանկարները:
-Ո՞րը կլինի Արգինե Սահակյանի ամենամեծ ձեռքբերումը:
-Երբ զգամ, որ իմ համաքաղաքացիները ուրախանում են իմ հաջողություններով, երբ հետադարձ հայացք ուղղեմ և հպարտանամ, որ ստեղծել եմ մնայուն, հարատև արվեստ, քայլել եմ ժամանակին համընթաց:
-Իսկ ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը:
-Երազանքներ շատ ունեմ: Աստծուց ամեն օր ընտանիքիս անդամների և հարազատներիս համար առողջություն և երջանկություն եմ խնդրում: Իսկ, ստեղծագործական առումով,  իմ ամենամեծ երազանքը արվեստանոց ունենալն է, իմ ստեղծագործելու անկյունը, որտեղ կկտրվեմ ամեն ինչից և կտրվեմ իմ արվեստին: Արվեստանոց, որը միայն իմը չի լինի, ես այն կդարձնեմ արվեստի մի հետաքրքիր աշխարհ, Սիսիանի մշակութային կյաքնի ինքնատիպ մի օղակ...

Հ.Գ. Երբեք ոչ մի արվեստագետի հետ, ոչ մի հարցազրույց ավարտուն չի լինում...ասելիք միշտ կա: