Օգոստոսի 24-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում հյուրընկալողի դերում երեխաներն էին, առիթը՝  «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում, իրենց կողմից արված նկարների ցուցադրությունը:
Ամռան ամիսներին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կազմակերպվել էր «Ամառային դպրոց»՝ Հայ ավետարանական եկեղեցու և Սիսիանի չորս նախակրթարանների ավագ խմբի սաների մասնակցությամբ: «Ամառային դպրոցն» ունեցել է շուրջ 308 այցելու, երեխաները հաճախել են խումբ-խումբ, յուրաքանչյուր խումբ պատկերասրահում անցակցրել է երկու օր՝ մասնակցելով տնօրինության կողմից կազմակերպված միջոցառումներին:

Երեխաները ծանոթացել են պատկերասրահում ցուցադրված աշխատանքներին, հրավիրված մասնագետի օգնությամբ սովորել, թե որն է դիմանկարը, գեղանկարը, նատյորմորտը, ինտերակտիվ խաղերի օգնությամբ ամրապնդել ստացած գիտելիքները, ապա՝ հնարավորություն ստացել ինքնուրույն ստեղծագործելու:
-«Ամառային դպրոց» միջոցառումը հնարավորություն տվեց փոքրիկներին ծանոթանալ մեծանուն նկարիչների աշխատանքներին, տարբերել դիմանկարը նատյուրմորտից, և ի վերջո, երկու օր անցկացնել արվեստի մթնոլորտում,-ասում է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Անուշ Մուրադյանը,- մենք արել ենք հնարավորինս ամեն ինչ՝ նրանց օրը գեղեցիկ կազմակերպելու, արվեստի հանդեպ հետաքրքրություն սերմանելու և անմոռանալի պահեր պարգևելու համար:
«Ամառային դպրոցը» եզրափակվեց օգոստոսի 24-ին՝ երեխաների ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառմանը ներկա էր նաև Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը, ով իր ելույթում կարևորեց նման միջոցառումների դերը երեխաների գեղագիտական դաստիարակության գործում.
- Շնորհակալություն եմ հայտնում, հատկապես, տնօրինությանը, նման գեղեցիկ նախաձեռնության և միջոցառման համար:Կարծում եմ, որ երեխաները փոքր հասակից պետք է այցելեն պատկերասրահ, շփվեն արվեստի հետ,-համոզված է Ժիրայր Մարտիրոսյանը,- նմանատիպ նախաձեռնությունները վաղ տարիքից նրանց մեջ սերմանում են սեր արվեստի հանդեպ և, միգուցե, արթնացնում նրանցից շատերի մեջ գտնվող նկարչին:
«Ամառային դպրոցի» մասնակիցներին ողջունելու էր եկել նաև Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանը.
-Համոզված եմ, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ  կունենանք առավել դաստիարակված, կրթված և  լայն աշխարհայացքի տեր սերունդ- իր ելույթում ասաց Հայկուհի Բլբուլյանը:
Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև նախակրթարանների տնօրենները: Նրանք ողջունեցին միջոցառումը, կիսվեցին <Ամառային դպրոցի> օրերին ստացած իրենց տպավորություններով, շնորհակալական խոսքեր հղեցին պատկերասրահի տնօրեն Անուշ Մուրադյանին և աշխատակիցներին ջերմ ընդունելության և ամոռանալի օրերի համար: Նրանք համոզված են, որ այս օրերին ստացած գիտելիքները մշտապես կուղեկցեն երեխաներին, կդառնան նրանց գեղագիտական դաստիարակության հիմնաքարը:
Միջոցառման ընթացքում երեխաներց հինգը ստացան իրենց առաջին շնորհակալագրերը՝ Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանի կողմից:  Առավել աչքի ընկած երեխաները պատկերասրահի տնօրինության, համայնքապետարանի կազմ բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանի և Ժիրայր Մարտիրոսյանի կողմից ստացան խրախուսական նվերներ:
«Ամառային դպրոցի» մասնակիցները միջոցառմանը հանդես եկան գեղարվեստական համարներով. երգ ու պարով, բեմադրությամբ և ասմունքով:
Միջոցառման ավարտին պատկերասրահի տնօրինությունը երեխաների համար փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել: