Երկու տարեկան Նարեն հայրիկի՝  խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանի ամենակրտսեր աշակերտուհին է, նա իր փոքրիկ թաթիկներով, հմուտ վարպետին վայել վստահությամբ, շունչ ու տեսք է տալիս կավին: «Սիրում է»,-ասում է մայրը, ով մեծ հպարտությամբ է հետևում փոքրիկի շարժումներին:


Զարան՝  Վահագնի կինը, նկարչուհի է, նա ամուսնու և երկու դստրերի հետ միասին օրը սկսում  և  ավարտում է Սիսիանի այս գողտրիկ վայրում՝ արվեստանոցում՝ նրանց իղձերի և նպատակների իրականացման աշխարհում:
Գրեթե 20 տարի կավի հետ իր կյանքը կապած վարպետ Վահագնը չհեռացավ Սիսիանից, մնաց՝ իր առջև նպատակ դնելով՝ զարգացնել և տարածել խեցեգործությունը:
Սիսիանցի երեխաների հետ աշխատանքը դարձել է արվեստագետ ամուսինների օրվա անբաժան մասը: «Ամենաբարդը նրանց մեջ հին հայկական խեցեգործության հանդեպ սեր արթնացնելն է»,-ասում է վարպետ Վահագնը, նրա աշխատանքային սկզբունքն է՝ ստեղծել նորը՝ մոռացության չտալով հինը:
Արվեստանոց հաճախող երեխաների համար, կարճ ժամանակահատվածում, Զարայի համբերատարության և Վահագնի վարպետության շնորհիվ, կավը դառնում է սիրելի, իսկ կավի հետ աշխատելը՝ հոգեհարազատ:
Երիտասարդ ամուսինները մշտապես ստեղծագործական փնտրտուքների մեջ են, նրանք կարողացել են իրենց արվեստը դարձնել ապրուստի միջոց. ճանաչում են ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, ստեղծել են «Sisian ceramics» բրենդը, որպես աշխատանքների տարբերանշան ընտրել հայկական զարդանախշերից վեցաթև ծաղիկը:   Տարիների ընթացքում Վահագնի կավե աշխատանքների կողքին ավելացել են նաև Զարայի ստեղծած մետաքսե նկարազարդ շարֆերը, իրերը: Այսօր երիտասարդ արվեստագետները նոր ուղղությամբ են աշխատում,  ստեղծում են հայկական զարդարվեստի նորանոր նմուշներ:
Թե՛ Զարան և թե՛Վահագնը համոզված են՝  իրենց ստեղծագործական հաջողության հիմնաքարն ու խթանը երջանիկ ամուսնությունն է, որը նաև ստեղծագործող ամուսինների համար դարձավ արվեստի տարբեր ճյուղերի միասնություն: