Սեպտեմբերի 8-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ցուցադրվեցին հայ դասական նկարիչների ստեղծագործությունները` նվիրված Վայոց Ձորի և Սյունիքի գեղատեսիլ բնությանն ու տեսարժան վայրերին: <Հայրենի եզերք> խորագիրը կրող ցուցահանդեսում ներառված էին մեծանուն նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Արտաշես Աբրահամյանի, Լուսիկ Ագուլեցու, Գրիգոր Ազիզյանի և այլոց աշխատանքները: Ցուցահանդեսը Սիսիան է բերվել  ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <Մշակութային կանգառ> ծրագրի շրջանակներում:


Ցուցահանդեսի բացմանը շնորհավորական ելույթներով հանդես եկան Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանը, Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը և մանկավարժ- նկարիչ Պայքար Գալստյանը:
Երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող Պայքար Գալստյանը համոզված է՝ Սիսիանը արվեստի և արվեստագետների քաղաք է: Մանկավարժին մտահոգում է այն, որ նմանատիպ ցուցադրությունների ժամանակ հանդիսատեսի շարքերում դպրոցականներ քիչ են լինում, չէ որ վաղ տարիքից է պետք երեխաների մեջ սերմանել սեր դեպի արվեստը, դեպի գեղեցիկը:
<Հայրենի եզերքը> ներկայացնող կտավները  Սիսիանի պատկերասրահում կցուցադրվեն 20 օր, այնուհետև կտեղափոխվեն Գորիսի պատկերասրահ: