Այս տարի սեպտեմբերի 18-ին կլրանար Արցախյան հերոսամարտում զոհված, սիսիանցի տաղանդաշատ բանաստեղծ Աղվան Մինասյանի 47 ամյակը: Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, հերոսի անունը կրող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կազմակերպվել էր հիշատակի հանդիսություն ի մեծարանք Աղվան Մինասյանի և բոլոր նրանց, ովքեր ընկան հանուն մեր երկրի անկախության, հանուն մեր ազատ կյանքի:


Աղվան Մինասյանի կյանքը ընդհատվեց, երբ նա 23 տարեկան էր՝ լի պատանեկան երազանքներով և ապրելու կարոտով: Կենտրոնի սաները ներկայացրեցին հերոսի կենսագրությունը, հնչեցին նրա ստեղծագործությունները, որոնք անսպառ սեր են,  կյանքի ու մահվան կռիվ, անկեղծ մտորումներ ու երազանքի թռիչք:
Անցած 24 տարիները չեն ամոքել Աղվանի հոր՝ Հրանտ Մինասյանի և նրա հարազատների սրտի մորմոքը, չի փարատվել անհուն կարոտը, որն էլ ավելի է խորանում Աղվանի գրչից ծնված ամեն մի բառը լսելիս: Երեխաների շուրթերից հնչած բանաստեղծությունները Հրանտ Մինասյանին տարան հուշերի աշխարհը, ուր մանուկ Աղվանն էր՝  գլուխը <<տատի ծնկներին>> դրած:
Աղվան Մինասյանին և հանուն անկախության  զոհված հերոսներին նվիրված հիշատակի հանդիսությանը մասնակցում էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և  համայնքապետարանի աշխատակիցներ: