Եվրոպական ժառանգության օրերն այս տարի անցկացվում են <<Ժառանգությունը և բնությունը>> խորագրի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառումներ են իրականացվում ողջ Եվրոպայում: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում,  2005 թվականից Սիսիանում անցկացվում է <<Հացի տոնը>>:  Այն իր տեսակով եզակի միջոցառում է, որն ամեն տարի բերքահավաքից հետո տոնվում է  Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում՝ հիմնադիր տնօրեն Ծովինար Պետրոսյանի նախաձեռնությամբ:  
Սեպտեմբերի 30-ին թանգարանի սրահներից մեկում, ուր ցուցադրված են հացաթխման ողջ գործընթացը ներկայացնող, դարերի պատմություն ունեցող, ցուցանմուշներ, հացի օրհնությամբ և տարեհացի ճաշակումով մեկնարկեց տոնակատարությունը: <<Հացի տոնը>> այս տարի կրում էր <<Աշխարհը գութանի մոտ կլիանա>> խորագիրը: Այն նշվեց 13- րդ անգամ՝  նորանշանակ տնօրեն Լյուդմիլա Գրիգորյանի գլխավորությամբ.


-Տոնի նպատակն է հացի հետ կապված սովորույթների վերականգնումն ու փոխանցումը սերունդներին: Թանգարանի հիմնադիր տնօրեն Ծվինար Պետրոսյանը այս տարիների ընթացքում մեկիկ–մեկիկ հավաքել է բազմաթիվ պատմություններ, սովորույթներ՝ կապված հացի հետ, ինչի արդյունքում մենք ունենք ավանդույթ դարձած այս տոնը,-իր ողջույնի խոսքում նշեց Լյուդմիլա Գրիգորյանը,- Սյունիքում մարդն ու հացը տարեկիցներ են, և բազաթիվ վկայություններ կան՝  հազարամյակների պատմություն ունեցող  իծագիր ժայռապատկերներ, տապանաքարեր, ուր պատկերված են հերկի տեսարաններ:
Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Համայնքի ղեկավարն իր ելույթում ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, բարձր գնահատեց թանգարանի նախկին տնօրեն Ծ. Պետրոսյանի ներդրումը <<Հացի տոնը>> ավանդական դարձնելու գործում, ողջունեց նաև նորանշանակ տնօրենին՝ ավանդույթները շարունակելու համար.
-Մենք՝ սիսիանցիներս, հացով ժողովուրդ ենք, հարկ եղած դեպքում սիրով մեր հացը կիսում ենք հարևանի, կարիքավորի հետ,-ասաց Արթուր Սարգսյանը և հպարտորեն փաստեց, որ եղել են ժամանակներ, երբ մեր ժողովուրդը  հացով ապահովել է  նաև Վայոց Ձորի բնակիչներին, իսկ, երբ Անդրանիկ Օզանյանը մեզ մոտ է եկել մի խումբ մազապուրծ գաղթականների հետ, հյուրընկալ սիսիանցին նրանց ապահովել է հաց ու պարենով: Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ ավանդական դարձած <<Հացի տոնի>> կողքին այսօր արդեն Սիսիանում տոնվում են Ազնավամորու և մեղրի փառատոնները.
-Թող մեր տարածաշրջանում տոները լինեն շատ և շարունակական,- իր խոսքը եզրափակեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
<<Ժառանգությունը և բնությունը>> խորագիրը կրող միջոցառումների նպատակն է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկությունը և բազմազանությունը, շարունակական պահպանության կարևորությունը:
Ինչ խոսք, մեր ժառանգությունը և մեծագույն հարստությունը հացն է: Հացի վերաբերյալ տեղեկատվությամբ հարուստ ելույթ էր պատրաստել նաև Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը. Ի՞նչ է հացը, ինչպե՞ս է մարդը սկսել օգտագործել հացահատիկը սննդի մեջ, ինչպե՞ս է հատիկը վերամշակվել, վերածվել ալյուրի...Այս հարցերի պատասխաններից զատ Գ. Խաչատրյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ.
-Յուրաքանչյուր երկրի համար հացահատիկի, մասնավորապես ցորենի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի: Մեր երկրում տարեկան օգտագործվում է 600-650 հազար տոննա ցորեն, իսկ արտադրության ծավալները կազմում են 100-170 հազար տոննա: Միջազգային չափանիշներով ընդունված է երկրի պարենային անվտանգությունը համարել ապահովված, եթե հացի պահանջարկի 75 տոկոսը ապահովում է սեփական արտադրության հաշվին:  Մեր երկրում առաջնահերթ խնդիր է պարենային ցորենի ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը:
Միջոցառումն առավել գեղեցիկ դարձրեցին <<Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի>>  ժողովրդական գործիքների անսամբլը՝ ազգային երգի հնչյուններով, Աղիտուի հիմնական դպրոցի սաները՝ հացի մասին պատմող ավանդազրույցներով, Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի սաները՝ օրվան համահունչ բանաստեղծություններով, Սիսիանի երաժշտական դպրոցի սաները՝ քաղցրահունչ երգերով:
Օրն ավարտվեց հյուրասիրությամբ՝ սեղաններին օրվա թագուհին էր՝  հացը, մատաղ, հարիսա և քաղցրահամ անուշեղեն: