Նոյեմբերի 8-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնը իր հյուրընկալ դռներն էր բացել հանրապետության հարավային մարզերի՝ Սյունիքի և Վայոց Ձորի, ինչպես նաև Արցախի հանրապետության արվեստի և երաժշտական դպրոցների սաների առջև: Միասնական, ինքնատիպ համերգի կազմակերպիչն ու նախաձեռնողը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամն էր:


Հիմնադրամի գործունեության շրջանակը բավականին լայն է. մեթոդական օգնություն մշակութային կրթական կազմակերպություններին, ուսումնական ծրագրերի մշակում, ուսուցիչների վերապատրաստում, մասնագիտական գրքերի հրատարակում, վարպետության դասեր և այլն: Այս համերգն, ըստ էության, կատարված աշխատանքների ստուգարք էր, որը պատվով և գերազանց արդյունքներով հանձնեցին Սիսիանի երաժշտական դպրոցի ջութակի և քանոնի համույթները:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրենի տեղակալ Տիգրան Տողրամաջյանը հիմնադրամի որդեգրած գործառույթներից առանձնացնում է հատկապես համախմբման գործառույթը: Մեկ հարկի տակ համախմբված տաղանդաշատ երեխաների համար միասնական համերգը ոչ միայն  լավագույնս ներկայանալու, այլև փորձի ձեռք բերման  ևս մեկ առիթ էր:
Համերգը կայացավ, արդյունքներն ամփոփվեցին, Սիսիանի երաժշտական դպրոցն, ինչ խոսք, լավագույնների շարքերում է: