Դեկտեմբերի 11-ին՝ բանակ-հասարակություն համագործակցության շրջանակներում, Սիսիանի N զորամասի և Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով սիսիանցի հանդիսատեսին ներկայացվեց պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Ժամհարյանի «Վերջին հանգրվանը» պիեսը: Ներկայացումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների սուրբ հիշատակին: Նախաձեռնությունը զորամասի ժամկետային զինծառայող Արիստակես Դադյանինն էր, ով, լինելով ապագա պատմաբան, այն համոզմանն է, որ ամենևին պարտադիր չէ այս թեմային անդրադառնալ միայն ապրիլին.« Այս ներկայացման միջոցով ևս մեկ անգամ փաստում ենք այն համոզմունքը, որ Հայոց Ցեղասպանության անժխտելի իրողության հարցում պետք է պահանջատեր լինենք ամեն օր, ամեն ժամ»,-ասում է Արիստակես Դադյանը: 


Ներկայացման դերասանները վեցն էին՝ նվագախմբի ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հարությունյանը, Արիստակես Դադյանը, Սերգեյ Գրիգորյանը, Սիսիանի պետական քոլեջի ուսանողուհի Անի Մխիթարյանը և ավագ դպրոցի աշակերտուհիներ Մարիամ Ավետիսյանը, Լիլիթ Իսաջանյանը: «Պիեսն ինձ մոտ կար, այն դեռևս 2015թ.ին է բեմադրվել Վանաձոր քաղաքում, և ես ծառայության հենց առաջին օրվանից երազել եմ այն Սիսիանում ևս բեմադրել, ի վերջո երազանքս իրականացավ, առիթը ընձեռեց հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ով առաջարկեց բանակ- հասարակություն կապն ամրապնդելու նպատակով որևէ մշակութային միջոցառում կազմակերպել, ես էլ առիթը օգտագործեցի երազանքս իրականացնելու համար/ ժպտում է/»,- մեզ հետ զրույցում ասաց Արիստակեսը: 
Ներկայացումը բեմադրվել է երկու շաբաթում, շատ կարճ ժամանակահատվածում նախաձեռնող խումբը ,Արիստակես Դադյանի և մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանի ղեկավարությամբ, կարողացավ մեծ պատասխանատվությամբ յուրացնել բավականին բարդ նյութը և ըստ արժանվույն հանձնել հանդիսատեսի դատին.«Ժամանակը շատ կարճ էր, սակայն մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր առջև դրված բոլոր խնդիրները հաղթահարվեցին: Չլինելով դերասաններ՝ երեխաները փայլուն կատարեցին իրենց դերերը: Մշակույթի կենտրոնի անձնակազմը պատրաստակամորեն աջակցեց ողջ գործընթացին, ինչի շնորհիվ միջոցառումն անցավ առավելագույնս կազմակերպված, մեկ բառով ասած՝ գոհ եմ»,- առանձնակի հպարտությամբ ասաց տիկին Մարգարյանը:
Ներկայացման սյուժեն հետաքրքիր կառուցվածք ուներ. Դեպքերը կատարվում են մեր օրերում, ԱՄՆ-ում, բովանդակությունը հետևյալն է՝ կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ մշակված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԱՄՆ –ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ներկայացուցիչների պալատը օրինագիծը ուղարկել է վեց հոգուց բաղկացած փորձագիտական խմբին՝ եզրակացություն տալու համար: Խմբի անդամներից մեկը ազգությամբ թուրք է, մեկը՝ հայ: Ներկայացման ողջ ընթացքը հենց այս փորձախմբի քննարկումներն են: Զեկույցների տեսքով հանդիսատեսին է ներկայացվում թե՛ հայկական և թե՛ թուրքական կողմերի փաստարկները՝ ի հաստատումն և ի ժխտում Հայոց Ցեղասպանության.« Ներկայացման սցենարը գրված է այնպես, որ դերակատարները ոչ միայն դրամատիկական խաղ ցուցադրեն, այլև խորը ուսումնասիրեն Ցեղասպանության իրողությունը և հայոց պատմության սև էջերը»,- ներկայացման նախաբանում նշեց Արիստակես Դադյանը: Նախապատրաստական աշխատանքները, տիկին Մարգարյանի հավաստիացմամբ, անցել են բուռն քննարկումներով.«Ես հիացած եմ մեր զինվորների հայրենասիրությամբ: Դա ամեն վայրկյան զգացվում էր: Փորձերն անցան քննարկումներով և վերլուծություններով, աղջիկներից երկուսը դպրոցահասակ են և որոշ տերմիններ, բառեր դեռ չգիտեին, «Վերջին հանգրվան»-ի շնորհիվ այսօր նրանք բոլորն էլ քաջատեղյակ են հայոց պատմության այդ ժամանակահատվածին»:
Ներկայացումն անցավ լեփլեցուն դահլիճում: Ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հոգևոր հայրեր, Սիսիանի N զորամասի հրամանատարական կազմը և ժամկետային զինծառայողներ: Պիեսի ասելիքը դերասանական հուզիչ խաղի շնորհիվ հասավ ամենքին, ապացույցը հոտնկայս ծափահարություններն էին: Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը իր ելույթում նշեց, որ սովորական օրը միջոցառման շնորհիվ դարձավ հիշարժան, և որ այն ժողովուրդը, ով մոռանում է իր անցյալը, չի կարող ապագա ունենալ:
Ելույթով հանդես եկավ նաև հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ով կարևորեց մեր ժողովրդի ապրելու անկոտրում կամքը, ինքնակազմակերպման և վերելքի ուժը: 
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով իր աշխատանքային անցած մեկ տարվա ընթացքում մշտապես բարձր է գնահատել և կարևորել բանակ-հասարակություն կապը, իր ելույթում ողջունեց կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ այսօրինակ համագործակցված միջոցառումները կլինեն շարունակական:
Արիստակես Դադյանը հնչեցրեց նաև պիեսի հեղինակ, երիտասարդ գիտնական Գագիկ Ժամհարյանի ուղերձը, որում ընդգծված էր հատկապես այն միտքը, որ ի վերջո պետք է դադարեցնել ավանդական լացուկոծը և ազատվել ցեղասպանված ազգի բարդույթից, հայոց պատմության այս սև էջը չդարձնել ազգային անճարակության խորհրդանիշ և միայն համախմբվելով պայքարել Հայ Դատի հաղթանակի համար: 
«Վերջին հանգրվանը» հիանալի առիթ էր արժևորելու և գնահատելու այն անձանց, ովքեր մեծ ներդրում ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում և նրանց, ովքեր աջակցել են ներկայացման կայացմանը: Ցանկը գլխավորում է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով զորամասի հարամանատար Հրաչյա Օհանյանի կողմից շնորհակալագիր ստացավ: Պատվոգրերով և կրծքանշաններով պարգևատրվեցին զորամասի նվագախմբի մի խումբ զինծառայողներ: Շնորհակալագրեր էին պատրաստվել նաև Սիսիանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանի, պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանի և ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի անունով: Իսկ նախաձեռնության հեղինակ, սերժանտ Արիստակես Դադյանին շնորհվեց ավագ սերժանտի կոչում:
Օրն, իսկապես, հիշարժան էր և անմոռանալի, հատկապես, երբ հայոց ցավի անկոտրում կամքի ու պայքարի մասին խոսում էին զինվորները: