Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ից 27-ը կազմակերպվեցին ամանորյա անակնկալ այցեր Սիսիան քաղաքի դպրոցներ և նախակրթարաններ, ինչպես նաև տոնական միջոցառումներ կազմակերպվեցին համայնքի 15 բնակավայրերում: Ավելի քան 4800 երեխաներ ստացան նվեր-փաթեթներ:


Գյուղերում կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցեցին Սիսիանի մշակույթի կենտրոնի թատերական խմբակի, մանկական արվեստի և երաժշտական դպրոցների, «Գրանդ» պարային համույթի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ասմունքի, ժամանակակից և ժողովրդական պարերի խմբակների սաները: Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանի տեղեկացմամբ, համայնքի բնակավայրերում կազմակերպված շոու-ծրագրերի նպատակը գյուղերում ևս մշակութային կյանքի ակտիվացումն է, այն միջոցառումները, որոնք կկազմակերպվեն Սիսիանում, այսուհետ կներկայացվեն նաև բնակավայրերում: Ամանորյա միջոցառման մասնակիցները տոնական շրջագայությունից վերադարձել են բավականին տպավորված. «Երեխաների ոգևորվածությունն ու խանդավառությունը ակամայից մեզ էր փոխանցվում: Տիրող մթնոլորտը շատ ջերմ էր ու սիրառատ»,- ասում է մշակույթի կետրոնի փոխտնօրեն, թատերական խմբակի ղեկավար Աննա Հակոբյանը: Երեխաների հետ բնակավայրերում է եղել նաև մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կազմակերպիչ Լիաննա Ավագյանը. «Գովելի են այսօրինակ նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացմանը: Ամանորյա համերգները  անցնում էին շատ կազմակերպված, ուրախ տրամադրությամբ և տոնական ոգևորությամբ»,-իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Լիաննա Ավագյանը: Բնակավայրերում կայացած տոնական միջոցառումների կազմակերպական հարցերին իրենց մասնակցությամբ օգնել են նաև վարչական ղեկավարները:
Անցած մեկ շաբաթվա ընթացքում տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաև համայնքի բոլոր դպրոցներում, նախակրթարաններում, համայնքային ենթակայության ուսումնական հաստատություներում: Միջոցառումների շարքում էր նաև քիք-բոքսինգի «Արիամարտ» ակումբի ամանորյա միջոցառումը, որի ժամանակ արվեստն ու մարտարվեստը ներկայացվեցին միախառնված: Տոնական եռուզեռից կտրվելու առիթ ունեցավ նաև սիսիանցի մեծահասակ հանդիսատեսը, դեկտեմբերի 28-ին մշակույթի կետրոնում ուրախ ամանորյա «խառնաշփոթ» համերգ շոու- ծրագիր էր կազմակերպվել: Միջոցառուներն այսքանով չեն սահմանափակվում:  Ամանորի գիշերը, գլխավոր տոնածառի մոտ, սպասվում է շքեղ հրավառություն, ուրախ համերգ: Իսկ հունվարի 6-ին և 13-ին Համո Սահյանի ավան Սիսիանի մշակույթի կետրոնը փոքրիկներին հրավիրում է  դիտելու թատերական խմբակի երեխաների ամանորյա ուրախ ներկայացումը: