Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին, ինչպես շատ բնակավայրերում, այնպես էլ  Սիսիանի տարածաշրջանի գյուղերում, մշակութային կյանքը, մեղմ ասած, պասսիվ վիճակում է: Դեռևս Խորհրդային տարիներից պահպանված մշակույթի տների, ակումբների պատերը երբեմն- երբեմն ջերմանում են  միայն գյուղի դպրոցի միջոցառումներից, այս կամ այն հանդիպումներից: Գյուղերում դժվարանում են հիշել, թե վերջին անգամ երբ է իրենց մոտ համերգ կամ թատերական ներկայացում եղել:

Վաղուց արդեն այստեղ օրը սկսվում և ավարտվում է միայն աշխատանքով, միակ «ժամանցի»  վայրը  գյուղամեջն է, զբաղմունքը՝ ասել-խոսելը: Իրավիճակն անհանգստացնող է, անընդունելի,  բայց և՝ շտկվող: Խնդրի լուծման ուղղությամբ Սիսիանի համայնքապետարանում ձգտում են գտնել հնարավոր ուղիներ: 2018 թվականը Սիսիանի խոշորացված համայնքի թե՛ մշակութային և թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտների համար հավակնում է լինել շրջադարձային տարի: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ Սիսիանի համայնքապետարանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները ուղղված են լինելու նաև համայնքի բնակավայրերի զարգացմանն ու առաջընթացին:
Մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ առաջին քայլերն արվեցին ամանորին՝ տոնական համերգային ծրագրերով երգի, պարի, թատերական և ասմունքի խմբերը ելույթ ունեցան բնակավայրերի փոքրիկ հանդիսատեսի համար: Հերթական նախաձեռնությունը մեկնարկեց փետրվարի 3-ին, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը այցելեց  Բռնակոթ և Բնունիս բնակավայրեր: Համերգներն անցան շատ ջերմ մթնոլորտում, լեցուն դահլիճներում: «Անսամբլի շրջագայությունը կլինի շարունակական,- վստահեցնում է Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը,-մեր կողմից մշակվել և իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանը: Ինչպես անցած տարի, այսուհետ ևս ողջ համայնքը հնարավորինս կընդգրկվի Սիսիանում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Ամեն ինչ դեռ առջևում է, ծրագրեր շատ կան,  վստահ կարող եմ ասել միայն, որ  Սիսիանի համայնքում մշակութային և սպորտային կյանքը մեծ թափ է առնելու»,- իր խոսքում նշեց Նարա Հովհաննիսյանը: