Մարգարեական հոգով օժտված Սիմեոն բարեպաշտ ծերունին, տաճարում ընդառաջ գնալով նորածին Փրկչին, ի դեմս նրա տեսավ մարդկության և ողջ աշխարհի փրկությունը: Այստեղից էլ սկիզբ է առել քառասուն օրական Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Հայ եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ ժամանակներից:


Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին՝ նախատոնակին: Տոնը իր մեջ կրում է և՛ եկեղեցական և՛ ժողովրդական ավանդույթներ: Օրվա խորհրդին տարիներ առաջ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ ավելացավ ևս մեկը, Տեառնընդառաջը հռչակվեց  նորապսակների օրհնության օր:
Փետրվարի 13-ին, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ավետարանների ընթերցումից հետո, հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանի ձեռամբ և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ներկայությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Համաձայն ընդունված ավանդույթի եկեղեցուց, որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, հավատացյալները կրակ են տանում և լուսավորում իրենց օջախները՝ բակերում խարույկներ վառելով:
Լույսի յուրօրինակ տոնախմբություն էր սպասվում նաև Սիսիանի կենտրոնական հրապարակում: Եկեղեցուց, շքեղ զարդարված նժույգով, սուրբ կրակը բերվեց հրապարակ՝ ազդարարելով տոնական միջոցառման մեկնարկը:
Տեր-Պարգև քահանա Զեյնալյանը իր ելույթում մեկնաբանեց տոնի խորհուրդը և նշանակությունը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց հատկապես նորապսակ զույգերին՝ նրանց նորաստեղծ ընտանիքներին մաղթելով հավերժ ամրություն, փոխադարձ սեր և անսպառ ջերմություն:
Քաղաքի կենտրոնական խարույկը վառելու պատիվը տրվեց  նորափեսաներին: Տոնակատարությունը զարդարվեց ազգային երգ ու պարով, օրվան հատուկ ուտեստներով լեցուն տաղավարներով  և իհարկե հյուրասիրությամբ:
Համայնքի ղեկավարը հյուրերի հետ շրջեց տաղավարներով, ուր մատուցված էին հայկական ազգային անուշեղեն և, ավանդույթի համաձայն, հացահատիկից պատրաստված տարատեսակ ուտեստներ, ցուցադրված էին ձեռքի գեղեցիկ աշխատանքներ: Սիսիանը և գյուղական բնակավայրերը ներկայացնող տաղավարների համար հայտարարվեց մրցույթ:
Նախքան լավագույն տաղավարի ընտրությունը՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նորապսակներին նվերներ հանձնեց:
Միջոցառման ավարտին, հատուկ ստեղծված հանձնաժողովի ընտրությամբ, որոշվեց և հայտարարվեց հաղթող տաղավարների անունները: Մշակույթի կենտրոնի տաղավարը  համարվեց ամենաինքնատիպն ու տոնին համահունչը, Շամբ և Դարբաս բնակավայրերը ներկայացնող  տաղավարները՝ ամենահարուստն ու բազմատեսակը, Նորավան և Աղիտու բնակավայրերը մրցանակ ստացան գարնանային շնչով հանդես գալու համար: Նվերներ ստացան նաև Բռնակոթ բնակավայրի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տաղավարները: