Կանանց միջազգային օրվան ընդառաջ Սիսիանի թիվ 2 նախակրթարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ ավագ խմբի սաների մասնակցությամբ: Փոքրիկների կարկաչուն ձայնից ասես բնությունն արթնացավ, գարնանային շունչը տարածվեց ու դահլիճը վերածվեց ծաղկառատ այգու: Վաղուց արդեն ծանոթ բանաստեղծությունները, փոքրիկների ինքնատիպ մատուցմամբ, հնչեցին նորովի:

Ամենայն պատասխանատվությամբ սերտած քառատողերով, մանկանը հատուկ ոգևորությամբ փոքրիկները փառաբանեցին մայրերին, ավետեցին գարնան գալուստն ու սփռեցին իրենց բարեմաղթանքները: Անթաքույց հուզմունքով արտահատեցին իրենց հոգու ողջ ջերմությունը, մայրիկների ու տատիկների հանդեպ ունեցած անկեղծ սերը: Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքի նախակրթարանների տնօրեններ: Թիվ 2 նախակրթարանի տնօրեն Զվարթ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դաստիարակներին կատարած աշխատանքի և երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար: Շնորհավորելով կանանց՝ տիկին Հովսեփյանը մաղթեց, որպեսզի երգն ու պարը լինեն նրանց կյանքի մշտական ուղեկիցները: Նախակրթարանի աշխատակիցներին և հանդեսի մասնակիցներին առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորեց նաև Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, նրա մաղթանքն էր, որպեսզի կյանքը միայն բարիք պարգևի հայ կնոջն ու հայ մայրերին: