Դպրոցականների գարնանային արձակուրդները հագեցած և լեցուն դարձնելու նպատակով, գրադարան-դպրոց համագործակցության շրջանակներում, Սիսիանի քաղաքային գրադարանում հայտարարվել է «Մանկապատանեկան գրքի շաբաթ» : Ավանդույթ դարձած ամենամյա միջոցառումները մեկնարկեցին մարտի 27-ին՝ «Արևաբեր մանկագիրներ» խորագիրը կրող ցերեկույթով:

Գրադարանի ընթարցասրահում հավաքված դպրոցահասակ երեխաների համար ելույթներով հանդես եկան Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-6-րդ դասարանների աշակերտները՝ ներկայացնելով մեծանուն հեքիաթագիրներ Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Վ. Անանյանի, Խնկո Ապոր, ինչպես նաև մեր օրերի գրող Ս. Մուրադյանի ստեղծագործությունները: 
Գրքի, ընթերցանության կարևորության և ազգապահպան նշանակության մասին խոսեցին գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը, աշխատակիցներ Գոհար Սիմոնյանը, Ալմաստ Պետրոսյանը, հրավիրված մանկավարժներ Լուսինե Նազարյանը և Ջուլիետա Հակոբյանը, գրադարանի ակտիվ ընթերցող, դպրոցահասակ Լարիսա Հարությունյանը:
Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը գնահատեց գրադարանի աշխատակիցների՝ երեխաներին համակարգիչներից կտրելու և դեպի գրքերի աշխարահը տանելու ջանքերը:
,,Մանկապատանեկան գրքի շաբաթ,,-ը կեզրափակվի մարտի 29-ին, դպրոցականները ճանաչողական այց կկատարեն ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ, կմասնակցեն ,,Արվեստի հետքերով,, խորագիրը կրող միջոցառմանը: