Համակարգիչ, թե՝ գիրք, նման ընտրության առջև կանգնելիս, հատկապես երեխաները, նախտնտրում են համակարգիչը, համացանցն ու սոցիալական կայքերը: Գրքերի հարուստ աշխարհը նախընտրելի դարձնելու նպատակով Սիսիանի քաղաքային գրադարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպում: Այդ թվում, դպրոցականների գարնանային արձակուրդների ընթացքում, գրադարան-դպրոց համագործակցության շրջանակներում

անցկացվող ,,Մանկապատանեկան գրքի շաբաթ,,-ը: Ավանդույթ դարձած ամենամյա միջոցառումն այս տարի կազմակերպվել էր ,,Արևաբեր մանկագիրներ,, խորագրի ներքո: Մեկնարկը տրվել էր մարտի 27-ին՝ գրադարանի ընթերցասրահում կազմակերպված գրական ցերեկույթով: Գրադարանի ակտիվ ընթերցողների հաջորդ կանգառը ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղն էր, որտեղ, հայտնի նկարիչների կենսագրություններին և կտավներին ծանոթանալուց հետո, նրանց սպասվում էր գեղեցիկ գրական -երաժշտական ցերեկույթ: Ներկայացված էին արվեստի գրեթե բոլոր ժանրերը: Երաժշտական համարներով հանդես եկան Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ասմունքեցին դպրոցականները: Միջոցառման ավարտին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաները նորովի ներկայացրեցին ,,Անբան հուռին,, սիրված հեքիաթը: