Այսօր մեծանուն բանաստեղծը, մեր անվանի հայրենակիցն ու պարծանքը կդառնար 104 տարեկան: Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն մեծ պոետի տաղանդին խոնարհվելու էին եկել համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Սահյանի պոեզիայի սիրահարներ. հուշարձանը զարդարվեց ծաղիկներով:

Սահյանական օրվա հաջորդ կանգառը Լորն էր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհվեցին նաև բանաստեղծի տան բակում կանգնեցված հուշարձանին: Սահյանի տուն- թանգարանը մարդաշատ էր և աղմկոտ, ամեն անկյունից հնչում էին նրա փառահեղ տողերը: Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու նախաձեռնությամբ, ժամանել էին բանաստեղծի տուն- թանգարան՝ անցկացնելու իրենց բաց դասը: Այստեղ էին նաև Սիսիանի դպրոցների բարձր դասարանների աշակերտները, այցը ավանդական է, նախաձեռնության հեղինակ Գևորգ Ասատրյանը համոզված է՝ ժամանակակից սերունդն այդքան էլ չի հեռացել գրականությունից ու պոեզիայից: Տոնական օրը շարունակվեց Լորի դպրոցում: Աշակերտները մեծ հպարտությամբ և պատասխանատվությամբ ներկայացրեցին իրենց հայրենակցի կյանքն ու ստեղծագործությունները: Դպրոցական միջոցառմանը հաջորդեցին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած գեղարվեստական ելույթները: Երաժշտական և պարային համարներով հանդես եկան Սիսիանի ժողովրդական գործիքների անսամբլը, մանկական արվեստի դպրոցի պարուհիները: Դահլիճում թևածող տոնական տրամադրությունը վարակիչ էր: