2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին ընդառաջ, Հայաստանի ողջ տարածքում, ՙՖրանկոֆոնիայի օրեր՚ ծրագրի շրջանակներում կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ: Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին միացել է նաև Սիսիանը, ապրիլի 11-ին մեկնարկեցին տոնական միջոցառումները:

Սիսիանի կենտրոնական հրապարակում հայկական եռագույնի կողքին ծածանվեց Ֆրանսիայի պետական դրոշը: Ապրիլի 12-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում՝ Սիսիանի արվեստի դպրոցների, ՙՍիս՚ դհոլահարների անսամբլի, ՙԳրանդ՚ պարային համույթի և նախակրթարանների սաների մասնակցությամբ: Հայերենն ու ֆրանսերենը, հայկականն ու ֆրանսիականը միաձուլվեցին գեղեցիկ գեղարվեստական համարներում: Միջոցառումն ասես փոքրիկ ճանապարհորդություն լիներ դեպի Ֆրանսիա, հայերեն և ֆրանսերեն լեզվով ներկայացվեցին Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրերը: Սիսիան և Մոնտելիմար քույր քաղաքների պատմությունները: Ցերեկույթը հիանալի առիթ էր նաև ծանոթանալու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, որդեգրած առաքելությանը: Ինչպես նաև արժևորելու Սիսիան-Մոնտելիմար քույր քաղաքների բարեկամությունն ու հետագա առավել ակտիվ համագործակցությունը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր խոսքում հույս հայտնեց, որ քույր քաղաքների փոխադարձ այցերն առաջիկայում կակտիվանան և կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր:

Add comment