51c69e9c0d843 largeՕրերս Սիսիանի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի 85 ամյակին նվիրված միջոցառում:

Ինչպես իր խոսքում նշեց գրադարանի աշխատակցուհի Ալմաստ Պետրոսյանը՝ ցերեկույթի նպատակը, հատկապես, դպրոցահասակ ընթերցողներին դուրյանական լուսավոր ու գունեղ բանաստեղծական աշխարհին ծանոթացնելն ու այդ աշխարհի բացահայտումն է:IMG 20180712 150855
Լյուդվիգ Դուրյանը ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում։ 1934 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Սովորել է Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում: Ուսոմնառության ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտը։ Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո՝ շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում՝ բաժնի վարիչ։ Նա իր բանաստեղծական ժողովածուներով, մասնավորապես` «Մաշտոց», «Ասք հողի» պոեմներով, «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Արև խաչքար», «Եւ մանանա, եւ նշխարք», «Քարե արցունք» գրքերով, ինչպես նաև «Կյանք իմացյալ» հոբելյանական ընտրանիով իր մնայուն տեղն է հաստատել հայ մեծերի կողքին: Լյուդվիգ Դուրյանի ստեղծագործությունները ներշնչանքի աղբյուր են դարձել նաև երգահանների համար` նրա տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված, ժողովրդական դարձած երգեր՝ <Իմ եղեգ>, <Արևիկ>, <Որտեղ գտնեմ քեզ>, <Կռունկներ>, <Միայն քեզ համար>, <Ով հայոց սարեր> և այլն: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ինքը ևս ակտիվորեն զբաղվել է թարգմանությամբ` թողնելով օրինակելի, բարձրարվեստ թարգմանությունների հրաշալի նմուշներ: Պոետը արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակի: Իր սկզբունքայնության, մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Լյուդվիգ Դուրյանը դեռևս կենդանության օրոք մեծ հեղինակություն էր վայելում գրական հասարակայնության շրջանում, սիրված և ճանաչված անուն էր թե՛ գրաքննադատների եւ թե՛ ընթերցողների կողմից:

IMG 20180712 150933Բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին գրադարանի ակտիվ ընթերցողները, ուսուցիչներ, արվեստի ոլորտի ներկայացուցչներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ: Գեղեցիկ երաժշտական համարներով օրը անմոռանալի դարձրեցին Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սաները, իսկ դպրոցականները մեծ սիրով ներկայացրեցին պոետի ստեղծագործությունները: Ուսուցչուհիներ Նելլի Հովսեփյանի, Էվելինա Թադևոսյանի և Սեդա Նազարյանի ներկայացմամբ բանաստեղծը առավել ճանաչելի և սիրելի դարձավ:
Նելլի Հովսեփյանը ներկայացրեց կենսագրական պատառիկներ, պոետի սիրային բանաստեղծություններից հատվածներ՝ հավելելով, որ Դուրյանը ստեղծագործել է խղճի մտոք, սրտով, անկեղծորեն, նրա պոեզիան սիրո, հայրենիքի, ընտանիքի ու բնության խտացումն է՝ բանաստեղծական հանդերձանքով:
Էվելինա Թադևոսյանը ներկաներին <ուղեկցեց> պոետի խոսքերով գրված երգերի աշխարհ: <Մեծ է Լյուդվիգ Դուրյանի բանաստեղծական գանձատուփը, նրա սրտաբուխ բանաստեղծությունների գերիշխող մասը Խաչատուր Ավետիսյանի, Կոստանդին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Արա Գևորգյանի երաժշտության շնորհիվ դարձել են հոգեթով երգեր>,- նշեց տիկին Թադևոսյանը:
Սեդա Նազարյանը մտահոգություն հայտնեց՝ դպրոցականները ծանոթ չեն Լյուդվիգ Դուրյանի բարությամբ ու լույսով շաղախված բանաստեղծություններին:
Սիսիանի քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու և այն առավել բովանդակալից դարձնելու համար. <Մեր պարտքն է խնկարկել հայ մեծանուն գրողների հիշատակը և ընթերցողին հասանելի դարձնել նրանց ստեղծագործական ժառանգությունը>,-նշեց տիկին Խաչատրյանը: Միջոցառումը եզրափակվեց Լյուդվիգ Դուրյանի կողմից գրված աղոթքով և <Որտեղ գտնեմ քեզ> երգի կատարմամբ. կատարում էին միջոցառման մասնակիցները, ովքեր հեռացան՝ դուրյանական արվեստով ներշնչված, նրա բանաստեղծություններում գերիշխող լույսով ու բարությամբ պարուրված:IMG 20180712 160350IMG 20180712 160332

Add comment