IMG 20180722 104457Պատմական Անգեղակոթ գյուղի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրը մի փոքրիկ մատուռ է՝ կառուցված դեպի երկինք ձգվող ժայռերի հովանու ներքո, այն ներառված է Հայաստանի առավել վտանգված հուշարձանների ցանկում:
Հարյուրամյակներ առաջ ժողովուրդն է տեղանքը սրբացրել, իր մեծ հավատով հզոր ուժ տվել ու դարձրել ուխտատեղի: Ամեն տարի հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղում տոնվում է Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի օրը, և հենց այս օրն է, որ Վարդան Զորավոր սրբատեղին դառնում է մարդաշատ: Տոնն այս տարի նշվեց հուլիսի 22-ին:

Հարյուրավոր հավատացյալներ իրենց քայլերն ուղղեցին դեպի սրբավայր, ոմանք՝ պարզապես մոմ վառելու, ոմանք՝ իրենց նվիրական երազանքն Աստծուն հաղորդելու, իսկ ոմանք էլ եկել էին մատաղացու գառներին սրբավայրի խաչքարերի մոտ զոհաբերելու նպատակով:  Ուխտավորներին այս տարի անակնկալ էր սպասվում, օրվան տոնական գույներ հաղորդեցին Սիսիանի համայնքի մի խումբ ակտիվ երիտասարդներ,  համայնքապետարանի նախաձեռնությամբ նրանք հանդես եկան երաժշտական համարներով, ուրախ երգ ու պարով: Երիտասարդների ուխտագնացությանն էր միացել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:IMG 20180722 113115
Հուլիսի 22-ին Վարդան Զորավոր քարայր-մատուռը հավատացյալների առջև բացվեց նոր շունչ առած, վերանորոգված ու բարեկարգված: Ռուսաստանաբնակ բարերար Կարեն Սարգսյանի սեփական միջոցներով վերականգնվել է եկեղեցու տանիքը, այն երկար ժամանակ խարխուլ վիճակում էր և արդեն՝ վտանգավոր այցելուների համար: Սրբավայրի տարածքում նոր խաչքարեր են ավելացել, վերջերս «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը սկսել է տարածքի պեղման աշխատանքները, հնագիտական ուսումնասիրությունների նպատակն է՝ ապացուցել, որ այստեղ է ամփոփված Վարդան Մամիկոնյանի աճյունը: Այս կարծիքը, որպես արդեն ապացուցված փաստ, վաղուց կարծրացած է տեղացիների գիտակցության մեջ: IMG 20180722 104531
ԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ՝ ԸՍՏ ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ
Ժամանակին անվանի պատմաբան-բանասեր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Մորուս Հասրաթյանը ևս այս կարծիքին էր՝  սպարապետի դին ամփոփվել է սրբավայրի հարավային պատի տակ։ Ի ապացույց իր այս վարկածի՝ անվանի գիտնականը « Պատմա-հնագիտական ուսումանսիրություններ» աշխատության մեջ նշել է.« Ազգային մեծ նահատակ և սրբացված Վարդանի հիշատակին Հա­յաստանում շատ մատուռներ ու եկեղեցիներ կան։ Սակայն միայն նրա հիշատակին   նվիրված։   Մասնագետներից   ոմանք   Վարդանի   գերեզմանը   փնտրել են Ավարայրի դաշտում (Խոյի և Մակուի արանքում, Նախիջևանից դեպի արև­մուտք), ոմանք այլ վայրերում, օրինակ Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Կարմիր վանքին գրեթե կից սրբավայրում, Թադեոս Առաքեալի վանքում, Արագածի լանջերին: Սակայն, միայն ենթադրաբար, առանց որևէ ապացույցի։
Վերջին 20 տարիներին այդ հարցը զբաղեցրել է ինձ։ Պրպտումները ինձ բերել են այն եզրակացության, որ Վարդան սպարապետի դին ամփոփված է Սիսիանի   պատմական   Անգեղակոթ   գյուղի   մոտ։     Ի՞նչը մղեց ինձ մեծն Վարդան Մամիկոնյանի գերեզմանը փնտրելու Հայաստանի անհամեմատ այս հեռավոր անկյունում՝ Շաղատ-֊Անգեղակոթում և  ոչ թե Ավարայրի և Արարատյան դաշտերում, կամ էլ, ասենք Վարդանի հայրենիք   Տարոն-Մուշում։ Նախ և առաջ ինձ այդ համոզմանն է բերել այն դարավոր ավանդությունը, որ պահպանել է բուն Սյունի գավառի (արդի Սիսիան) բնակչությունը՝ այդ վայրը համարելով  «Վարդան  զորավորի»   գերեզմանի  տեղը։ IMG 20180722 105910Անգեղակոթից կես կիլոմետր դեպի Նախիջևան տանող խճուղու եզրին, Շաղատի դիմացի ժայռերի տակ գտնվող «Վարդան զորավոր» կոչվող ուխտատեղիում, մնացել է բազմիցս վերաշինված անշուք մի եկեղեցի,  որի շրջապատում և փոքրիկ գավթում ընկած են բազմաթիվ գերեզմանաքար֊-խաչքարեր։ Այս վայրը դարեր շարունակ սիսիանցիների համար եղել է ուխտատեղի և ճանաչվել որպես Վարդան Մամիկոնյանի գերեզման։ Նախապես պետք է նկատել, որ ազգային ավանդությունները, կապված տվյալ վայրի և այդ վայրում տեղի ունեցած պատմական, մեծ ու փոքր դեպքերի հետ, անջնջելի զորությամբ պահպանվում են դարերով, մանավանդ, երբ տվյալ վայրի բնակչությունը չի ենթարկվել արտագաղթերի, այլ ընդհակառակը՝ լրացվել է եկվորներով։ Նույնիսկ բավական էր, որ ավերված գյուղերում մնային մեկ-երկու ընտանիք, որպեսզի նորեկներին հաղորդեին շրջապատի տեղանուն­ները, ավանդությունները, բանահյուսական փշրանքները, սրբավայրերի հետ կապված   ուխտագնացության   օրերը,   ծեսերը,   պատմական   անցքերը   և  այլն։
Վարդան Մամիկոնյանը ժողովրդի աչքում իրավամբ համարվում էր սուրբ նահատակ։ Ամենայն հավանականությամբ՝ 480-490-ական թվականներին Վարդան Մամիկոնյանին, նրա զոհվելուց 30-40 տարի անց, պաշտոնապես դասեցին սրբերի շարքը, թեև նա հոգևոր դասին չէր պատկանում, որից հետո արդեն կոչեցին սուրբ Վարդան։IMG 20180722 103756Իմ հաստատ համոզմամբ, ինչպես վերը նշեցի, Ավարայրի ճակատա­մարտում զոհված քաջն Վարդանի դին նահանջող հայկական բանակի զորա­մասերը բերել են Սյունիք, այսինքն Սիսիան և հանձնել երկրի տեր մարզ­պան Վասակ Սյունիին։ Վերջինս և նրա շուրջը համախմբված շատ հայ մեծամեծեր,   նշանավոր   իշխաններ  իրենց   պաշտելի     հրամանատարի    սպարապետի դիակը, թերևս և նրա հետ զոհված իրենցից մի երկուսի եղբայրնե­րի կամ ազգակիցների դիակները (Խորեն Խորխոռունի, Արտակ Պալունի), անկասկած, մեծ շուքով և պատվով թաղել են մի շատ հայտնի, դեռևս հեթանո­սական ժամանակներից եկող սրբազան վայրում»:IMG 20180722 224108

Հ.Գ. Մեծանուն գիտնականի վարկածը հոգեհարազատ է նաև տեղի բնակիչներին, նրանք այլ տարբերակ չեն էլ ցանկանում լսել, վստահ են, որ եթե սկսված պեղումները ապացուցեն այս վարկածը, կմեծանա զբոսաշրջիկների և այցելուների քանակը և գյուղի համար զարգացման մի նոր հեռանկար կբացվի:

Add comment