Main content

S4200043Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը օգոստոսի 23-ին այցելեց Սիսիան: Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում նա հանդիպեց համայնքային ենթակայության արվեստի դպրոցների և մշակութային օջախների տնօրենների ու մանկավարժների հետ:

Հյուրերին երաժշտական կատարումներով ողջունեցին երաժշտական դպրոցի երգչախումբը և քանոնահարների անսամբլը:
Փոխնախարարի այցի նպատակը խնդիրներին ծանոթանալն էր, մշակութային ներուժի ուսումնասիրումն ու ծրագրային առաջարկների ընդունումը: <ՀՀ մշակույթի նախարարությունը որդեգրել է մարզերում մշակույթի ապակենտրոնացման և  զարգացման քաղաքականությունը>,-ասաց Նազենի Ղարիբյանը: Նախարարի տեղակալը հավելեց, որ մարզերը պետք է  ինքնուրույնություն ձեռք բերեն, մայրաքաղաքից կախում չունենան և  տեղերում ապահովեն մշակութային կրթության բարձր մակարդակ: Տիկին Ղարիբյանին ներկայացվեցին արվեստի կրթօջախներում առկա խնդիրները, որոնք հիմնականում
վերաբերում էին երաժշտական գործիքների, դիդակտիկ նյութերի, մասնագիտական գրականության բացակայությանը: Ինչպես ամենուր այստեղ ևս մանկավարժներին հուզող գլխավոր հարցը արտադպրոցական հաստատություններում դասավանդող ուսուցիչների և հանրակրթական դպրոցների մանկավարժների կարգավիճակների նույնացումն էր, ինչի շնորհիվ իրենք էլ կկարողանան օգտվել  սոցփաթեթից և արձակուրդի հավելյալ  օրերից: S4200045
Հարցի առնչությամբ փոխնախարարը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությանը դիմել են օրենքում փոփոխություններ կատարելու, արտադպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների նույն պայմաններից օգտվելու առաջարկով: Այցի ընթացքում Նազենի Ղարիբյանը այցելեց նաև Սիսիանի Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոն, որտեղ նրան ներկայացվեց ձայնային սարքավորումների նորացման խնդիրը: Իսկ արվեստի դպրոցում փոխնախարարը ծանոթացավ շենքային պայմաններին, տանիքի և պատուհանների վերանորոգման,  ջեռուցման համակարգի տեղադրման և այլ խնդիրների:
Մեկնելուց առաջ փոխնախարարը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել և քայլեր ձեռնարկել առկա խնդիրներից որոշների լուծման ուղղությամբ:

Add comment