- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հազարամյակների պատմություն ունեցող, հնամենի, բայց՝ ոչ հնացած, դարերի ընթացքում ինքնատիպ դիմագիծ կերտած Բռնակոթը հոկտեմբերի 20-ին ավանդաբար նշեց գյուղի տոնը: Բռնակոթն իր ծննդյան օրն այս տարի նշեց արդեն որպես խոշորացված համայնքի մի մասնիկ, որպես մեծ ու համերաշխ ընտանիքի լիիրավ անդամ:
Տոնական միջոցառման մասնակիցները Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Պատվավոր հյուրերի շարքում էին ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, բռնակոթցի հայտնի գործարարներ, համայնքի վարչական ղեկավարներ և այլք:



Բռնակոթի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում, ելույթ ունեցան Սիսիանի մանկական արվեստի և երաժշտական դպրոցի սաները, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը և Բռնակոթի դպրոցի աշակերտները: ճեմասրահում ցուցադրված էին գյուղի անցյալն արտացոլող պատմական իրեր, աշակերտների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:




Համայնքի ղեկավարն իր շնորհավորական ելույթում ասաց.< Բռնակոթը գիտի իր պատմությունը, ու այդ պատմության զորությունը, գիտի արժևորել իր անցյալը, սրբորեն պահպանել իր հերոսների հիշատակը: Զուր չէ, որ հենց գյուղի մուտքից ամեն քայլափոխի պատմության մի պատառիկ է, մի հուշաքար ու հուշակոթող, այստեղ ամեն անկյուն լցված է հզոր պատմական անցյալով: Ասում են բռնակոթցիները տաքարյուն են, երբեմն՝ չափից ավելի տաքարյուն: Ցանկանում եմ, որպեսզի ձեր տաքարյուն բնավորությունն ու անժխտելի հայրենասիրությունը ծառայեցնեք գյուղի շենացմանն ու հզորացմանը>:Արթուր Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ընդառաջել գյուղն առավել լավը դարձնելու յուրաքանչյուր նախաձեռնությանը, լինել այն մարդկանց կողքին, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումներով և բարեգործություններով սատար են կանգնել բռնակոթցիներին:
Վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մեծ հպարտությամբ նշեց, որ փառահեղ հերոսների գյուղը խորը արմատներ ունի, որից ծլարձակել է գիտնականների մի հզոր համաստեղություն՝ ի դեմս ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի: Ա. Հարությունյանը մաղթեց, որ գալիք սերունդները համալրեն գյուղի հերոսների և հայտնի մարդկանց շարքերը: Բռնակոթի դպրոցի փոխտնօրեն Դոնարա Ասրյանն էլ մաղթեց հացաբույր ու հացառատ օրեր և, որպեսզի նորօրյա հերոսներ ծնվեն ոչ թե պատերազմի դաշտում, այլ՝ խաղաղ կյանքում:









Add comment
1