Main content

 

44419924 1121542111334013 3067112596491468800 nՀոկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ <Արտյոմ Սյունեցի> և <Հայ մշակույթի պահապանները> ուսուցողական համերգ-ցուցադրությունը: Միջոցառմանը մշակութային դասախոսությամբ ելույթ ունեցավ նաև սիսիանցի նկարչուհի Արգինե Սահակյանը՝ հանդես գալով որպես Սյունիքի մարզի դեսպան  և արմատական զանգեզուրցի:

44303273 1120184218136469 4514618585011716096 n44617435 1122453884576169 8246111984529965056 oՆա խոսեց հայ կնոջ կերպարն ամբողջացնող հայկական տարազի, վերջինիս աղավաղման վտանգի և մեր մեջ քարացած կարծրատիպերը հաղթահարելու մասին: Արգինեն շնորհակալություն հայտնեց ինքնատիպ մոդելավորող, <Արտյոմ Սյունեցի> նորաձևության տան հիմնադիր, ծնունդով գորիսեցի Արտյոմ Սյունեցուն գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, հայկական տարազը անխախտ պահելու և  քարոզելու համար:

Ստորև ներկայացնում ենք Արգինե Սահակյանի ելույթն ամբողջությամբ՝ առանց խմբագրելու.(Վերցված է նրա ֆեյսբուքյան էջից)
<Լռությամբ խոսելն է իրական արվեստը, անշուշտ, ինքս էլ  խոսքի մարդ չեմ, այլ վրձնի ու գույնի, բայց Սյունիքն ու սյունեցին,  իմ ներաշխարհի ամենօրյա պոռթկումները ինձ ստիպեցին խոսել : Բոլորս գիտենք, որ Զանգեզուրը Հայաստանի ողնաշարն է՝ հոգևոր և ռազմական առումով, բնության մայրաքաղաքը և դիմանկարը՝  մշակութային և ստեղծագործական առումներով, կացութաձևի խտացումը՝ ազգային հագուստի տարակարերով :

Հագուստը, կենցաղը, լեզուն, ըստ էության,  նույնն են Արցախի հետ, հավանաբար այդ է պատճառը, որ ազգագրական, լեզվաբանական, բանահյուսական բնագավառներում նշվում է Սյունիք-Արցախ:  Այնուամենայնիվ, կան տարբերություններ: Ես տարազագետ, առավել ևս ազգագրագետ չեմ, բայց հակումներս շուտով կպսակվեն հայագիտական պաշարներով (նկատի ունեմ համալսարանական ուսումնառությունս ստեղծագործական կյանքիս զուգընթաց): Այլև այս սկզբունքով՝ հետաքրքրված եմ Արցախի և Սյունիքի ազգագրությամբ, մասնավորապես՝ տարազագիտությամբ: Առայժմ մի հայտնագործություն ունեմ իմ ստեղծագործական կյանքում. և՛ Սյունիքը, և Արցախը կրում են հայոց հնագույն շրջանի մասունքները հագ ու կապի առումով:  

Պատմությունից մեզ հայտնի է որ, Զանգեզուրի տարազը շատ համեստ է. դա երևում է Փառանձեմ թագուհու՝ մեզ հասած լուսանկարներից: Կարմիրը գերակշռող գույնն է տարազի վրա:Սյունիքը իր արմատականությամբ հետաքրքիր բնակավայր է: Այստեղ հին ու նոր փոփոխությունները հետաքրքիր են եղել, մի քիչ մեկուսացած, ուշ ձուլվող, ուստի և՝  հինը և ավանդականը միշտ էլ պահպանել են, իսկ կանայք ավելի պահպանողական են եղել ինպես բարքերի ու սովորույթների, այնպես էլ ազգային հագուստի առումով. ուշ են ներդաշնակվել հասարակական փոփոխություններով թելադրված նորամուծ ճաշակին, հագ ու կապին:

Մտահոգությունս շատ մեծ է այսօրվա խնդիրներով: Երբ պարային խմբերի ելույթներ եմ դիտում,  զարմանում եմ, թե ինչպես կարելի է գումար աշխատելու համար այդ չափ կեղծել տարազը: Տհաճ են նաև նեղ, թափանցիկ, կարճ, լանջը բաց բաղադրիչները հագուստի վրա: Ինչքան էլ լավ ներկայացնեն պարը, հանդերձանքը անհարմար և տգեղ է նայվում:Ամենևին չեմ ուզում քննադատել ձևավորողներին, բայց տեղից դուրս եկողը հայտարարում է, թե հնագույն հագուստ է հայտնաբերել: Զարմանալին այն է, որ հազարամյակների պատմություն ունեցող տարազն այսօր աղավաղում են գործարարության նպատակներով: Քա՛վ լիցի, դրան էլ դեմ չեմ, բայց այս երևույթը ուղղորդող չպետք է լինի, թելադրող դերում պիտի լինեն ավանդականը, գիտականորեն ապացուցվածը և բնօրինակին առավել հարազատը... Ծիրանագույնը, որդան կարմիրը, կանաչը, կապույտը, սպիտակը, երբեմն նաև դեղինը. սրանք են եղել այն պարտադիր գույները, որոնք տեղ են գտել հնագույն հանդերձանքի վրա, բայց սևը` երբե՛ք, առավել ևս, որ հայտնաբերված է, որ բնության մեջ սև գույն, ըստ էության, գոյություն չունի, այն մյուս բոլոր գույների թանձրացումն է:  Նորաձևությունը, ցավոք, այսօր հասցրել է աղավաղել հայկական տարազի գույները նույնպես:   Ողջյունելի է այն փաստը, որ արտասահմանում հայերն արդեն նորաձև են համարում պսակադրվել ոչ թե ասեղնագործ սպիտակ ատլասե զգեստով, այլ հայկական հնագույն հագուստով` տարազով, ինչպես հին Հայաստանում: Իմ ստեղծագործական կյանքում արձանագրեցի մի փաստ, ըստ որի մեր տատիկները ոչ մի տեղից չեն օգտվել, չեն կրկնօրինակել, նկարիչները չեն նկարել, իրենք կենցաղում ստեղծել են հագուստը, նախշերը , զարդերը,գույները, որոնք էլ ունեցել են իրենց բովանդակ, ես կասեի նույնիսկ էթնիկ նշանակությունը՝  փորձելով լինել ինքնատիպ ու կենցաղում հարմարավետ հագուստով: Հենց այպես չէ որ, բերանները հատուկ կտորով փակել են: Զուսպ, շուրջփակ  ու երկար հանդերձանքը հենց վկայությունն է ազգային պահպանության,  ընտանիքի ամրության ու  բարոյականության: Զարմանալին այն է,  որ անգամ բռնի ուժի հետևանքով ձուլման չենթարկվեց մեր հագ ու կապը,  այլ պահպանեց իր դերն ու նշանակությունը և փոխանցվեց դարեդար ու հասավ մեզ : Մի առիթով ազգագրագետ Արուսյակ Սահակյանը ասաց,  որ թշնամին շրջափակել է  մեր տարածքները, իսկ մեզ պաշտպանող պարիսպը ոչ միայն ռազմավարական նշանակություն է ունեցել, այլ պաշտպանել է ընտանիքը, գիտելիքը… Ավելին՝ էպոսը ամեն ազգի մոտ չի ստեղծվում. Հայկական էպոսն ու մյուս ավանդապատումները մեզ պաշտպանելու, մեր ինքնությունը շարունակելու համար են ստեղծվել, որպեսզի հիշողությունից միշտ մխա մեր էությունը: 

Վերջերս՝ հարցազրույցի ժամանակ, լրագրողը մի հարց տվեց, թե ինչու հայ նկարիչները մերկ կին չեն նկարել, ինչքան էլ որ կինը նկարչի համար մուսա և ոգեշնչման աղբյուր է :Այ հենց դրա համար էլ հայ նկարիչները պաշտպանել են  իրենց կանանց ու աղջիկներին ու մերկ չեն նկարել՝ ի ցույց դնելով աշխարիհին :Հայ կինը միշտ էլ եղել է պահպանողական բոլոր առումներով, հայ կինը այնքան ուժեղ է, որ ամիսներով գորգ ու կարպետ է գործել տորքի առջև նստած, ժանյակ ու ասեղնագործություն արել, զենք է վերցրել  ու կանգնել իր տղամարդու կողքին, քարից հաց է քամել. ազգային հագուստի մաս կրող գոգնոցը և գոտի- քյամարը հենց այնպես չի կապել ու մեջքը ամրացրել: հենց այնպես չի թոնրում հաց թխել, խնոցի հարել ու, միևնույն ժամանակ, նազանքով պարել ու ջան գյուլում երգել:Հայ կինը Տիգրան Մեծ, Մաշտոց, Այվազովսկի, Կոմիտաս  ու Թումանյան, Սարյան ու  Թամանյան է ծնել Էլ որ մեկն ասեմ:

Մեզ մնում է աչքի լույսի պես պահենք մեզ թողած ոսկյա գանձերը  աշխարհում չկա մի ազգ, որը հայ գուսանի ու բանաստեղծի նման մայր ու կին գովերգի:

Ժամանակները առաջ են գնում…:Ես՝ որպես նկարիչ, այնուամենայնիվ, համարձակություն եմ ցուցաբերելու և ավանդականի սկզբունքից, էությունից թռիչք եմ գործելու դեպի այն նորը, որը չի խառնելու գույները, ամեն ինչ թողնելու է իր տեղում,որոշել եմ կոտրել բոլոր կարծրատիպերը և նկարել մերկ կին, քանի որ կինը համարվում է բնության ամենագեղեցիկ ստեղծագործությունը: Ցանկանում եմ բացել հայ այն կնոջ մարմինը, որի նախատատը կրել է տարազ,կտեսնեք, թե որքան գեղեցիկ է եղել հայ կինը:Հենց սա պիտի ապացուցեմ, որ հագուստը չէ գեղեցկացնողը, այլ այն մարմինն ու հոգին, որ պաճուված է կյանքն ու կենցաղը ամբողջացնող հագուստով, այս դեպքում՝ տարազով, որ ծածկել է գեղեցկությունը, բայց չի փացրել հոգին, ծածկել է ցուցադրելին, բայց երբեք քայլ չի արել դեպի այլախոհություն,այն մերկ թե կապկպված, եղել է մեր ինքնության նախապայմանը և էության առհավատչյան:Չգիտեմ, մյուս մեկնաբանությունները շարքեր ստեղծելուց հետո: սա պատերազմ է, որ հայտարարված է իմ և իմ մեջ… Շարքը ստեղծելուց հետո կհայտարարեմ, թե իմ մեջ ապրող երկու կռվողներից որը հաղթեց:Հիշեցնեմ, որ ինքս ինձ եմ փորձում ժամանակի ու էության մեջ:Արդյունքների առիթով, խոստանում եմ, նորից կխոսեմ:
Իմ կարգախոսով էլ ավարտում եմ՝  ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԻՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՆՈՐԸ>:

 

Add comment