- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում նոյեմբերի 28-ին կայացավ գեղանկարիչ Ավագ Ավագյանի աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարիչը ծնունդով Շաքի գյուղից է, 15 տարի է արդեն բնակվում է Գերմանիայի Դաշնությունում: Ժամանակ առ ժամանակ հայրենիք վերադառնալը արվեստագետի հոգու պահանջն է, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ Սիսիանն իր համար աշխարհի կենտրոնն է:
Հայրենի հողից ստացած ուժն է, որ նրան օգնում է ստեղծագործել: Նկարչի համար այստեղ գույներն այլ են, արևն էլ այլ կերպ է շողում: Ցուցահանդեսին ներկայացված էին Ավագ Ավագյանի վերջին 5 տարիների աշխատանքները, որոնք ցուցադրվել են նաև եվրոպական մի շարք երկրների հայտնի պատկերասրահներում: 
ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ ժիրայր Մարտիրոսյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ Ավագ Ավագյան գեղանկարչի վրձինը տարիների ընթացքում ավելի «պինդ» է դարձել, ժամանակը արվեստագետի ներկապնակը էլ ավելի է հարստացրել գույներով: Ժիրայր Մարտիրոսյանի խոսքը լրացրեց Սյունիքի գրողների միության նախագահ Լևոն Սահակյանը՝ Ավագ Ավագյանին ներկայացնելով որպես հայրենի հողին ամուր արմատներով կապված մարդ, ում բնանկարները արտահայտում են մեծ սերը հայրենի բնօրրանի ու բնության հանդեպ: Գեղանկարիչր շնորհակալություն հայտնեց պատկերասրահի տնօրինությանը իր աշխատանքների ցուցադրությունը կազմակերպելու և հայրենակիցների հետ շփվելու ևս մեկ առիթ ստեղծելու համար: Միջոցառումը գեղեցիկ երաժշտական ելույթներով զարդարեցին Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ուսուցիչները և երաժիշտ մանկավարժ Վլադիմիր Պապիկյանը : Ավագ Ավագյանի բնանկարների ցուցադրությունը դեռ երկու ամիս կլինի Սիսիանի պատկերասրահում:


Հ.Գ Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղը տարվա կտրվածքով կազմակերպում է տասնյակ ցուցադրություններ և միջոցառումներ՝ նպատակ ունենալով սիսիանցի արվեստասեր հանրությանը ներկայացնել իրենց կողքին ապրող և ստեղծագործող արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր Սիսիանի մշակույթը կերտողներն ու կրողներն են:
Add comment
1