Հունվարի 17-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացվեց սիսիանցի արվեստագետ, ազատամարտիկ, նկարիչ Արտաշես Եսայանի նկարների ցուցահանդեսը:
Նկարչի առաջին մեծ ցուցահանդեսն էր, որին ցավոք նա ներկա չէր. Փետրվարի 18-ին կլարանա Արտաշես Եսայանի մահվան մեկ տարին:
Միջոցառումը կազմակերպվել էր նկարչի դստեր Սոնայի նախաձեռնությամբ, նրան աջակցել էին հայրիկի ընկերներն ու պատկերասրահի աշխատակիցները:
Բացման խոսքի պատիվը տրվեց Ամալյա Ալեքսանյանին, ով սահյանական խոսքերով նկարագրեց իր վաղեմի բարեկամ Արտուշին. 
<Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Հիմա եմ հասկանում, թե ինչ հախուռն հոգու տեր, ինքնատիպ մտածողություն ու փիլիսոփայություն ունեցող անհատականություն էր ապրում մեր կողքին: Նա շատ լավ կազմակերպիչ և շնորհաշատ ռեժիսոր էր:
Նրա նկարներում իր շրջապատի մարդիկ են, ինքն է, իր ցավն ու խռովքն է, իր խոհերն են: Արտաշեսը իր ապրումներն արտահայտում էր նաև բանաստեղծություններով, իրեն հատուկ հումորով քառատողեր էր նվիրում ընկերներին, գրում էր սիրո, ցավի ու նաև պատերազմի մասին: Նրա հետ հանդիպումներից հետո մենք հեռանում էինք փոքր ինչ իմաստացած, հայրենասիրությամբ տոգորված, գնում էինք՝ նորից հանդիպելու մեծ ցանկությամբ>,- ասաց Ամալյա Ալեքսանյանը: 
Արտաշես Եսայանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 18-ին: Ավարտելուց հետո վերադարձել է Սիսիան, հիմնադրել է թատրոն, որը հետագայում արժանացել է ժողովրդականի կոչման և մեծ դեր է ունեցել Սիսիանի մշակութային կյանքի ակտիվացման և զարգացման գործում: 
Արտաշես Եսայանի կյանքը տակնուվրա եղավ Արցախյան պատերազմի տարիներին, իր ընկերներից շատերի նման նա էլ զենք վերցրեց ու մեկնեց ռազմաճակատ, որտեղ ծանր վիրավորվեց և մինչև կյանքի վերջին օրերը ստիպված եղավ լուռ տանել այդ վերքերի պատճառած անասելի ցավն ու տառապանքը.<Նա վիրավոր էր, սակայն ավելի շատ մտածում էր իր զինակից ընկերների մասին, սգում էր նրանցից յուրաքանչյուրի մահը: Արտուշին պետք է միայն ժպիտով հիշել, վառ անհատականություն էր>,- ասաց նրա մարտական ընկեր Մարիետա Խաչատրյանը:
Պատերազմից հետո կտրուկ փոխվեց Արտաշեսի կյանքը, նա հրաժարվեց իրեն առաջարկվող բոլոր աշխատանքներից, չձգտեց փառքի, փողի ու տիտղոսների: Նախընտրեց միայն նկարել՝ հավատարիմ մնալով իր կոչմանն ու սկզբունքներին: Ընկերները միշտ կողքին էին, երբ ֆինանսական դժվարություններ էր ունենում, նրանք էին օգնում նյութեր ձեռք բերել, գիտեին՝ Արտուշն առանց նկարել չի կարող ապրել:
<Կյանքի վերջին տարիներին նրան ուղեկցում էին տագնապի, տառապանքի ու կարոտի զգացողությունները: Տագնապով էր խոսում երեխաների ապագայի մասին, տառապում էր հայրենքի համար ու անչափ շատ կարոտում էր վաղամեռիկ կնոջը՝ Սուսաննային: >,-պատմեց Ամալյա Ալեքսանյանը:
Միջոցառման ընթացքում երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի սաները:
Ներկա էր նաև Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը, նրա կարծիքով Արտաշես Եսայանի աշխատանքները բավակաին լուրջ են ու խորիմաստ.< Արտաշեսը թեպետ նկարչական կրթություն չի ստացել, սակայն հաջողված աշխատանքներ և խորիմաստ կոմպոզիցիաներ շատ ունի: Նրա կտավները հոգու արտացոլանքն են, ապրելակերպի, տխրության ու ցավի մարմնացումն են: Գունային հետաքրքիր լուծումներ կան նրա աշխատանքներում, որոնց կարելի անընդհատ նայել և ամեն անգամ մի նոր բան բացահայտել>,- ասաց Ժիրայր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ՝ աշխատանքների միջոցով Արտաշեսին անմահացնելու համար:
Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը ևս բարձր գնահատեց ցուցահանդեսի կազմակերպիչների, դստեր և Արտաշես Եսայանի ընկերների աշխատանքը՝ նկարչի հիշատակը վառ պահելու, մահից հետո անգամ նրա ընտանիքի կողքին լինելու համար:
Շնորհակալան խոսքով հանդես եկավ նաև Սոնա Եսայանը: Նա ամբողջ երեկոյի ընթացքում կլանված լսում էր հայրիկի մասին պատմությունները, կարոտով նայում էր նկարներին, միգուցե փորձում էր հասկանալ, թե այդ համեստ, պարզ ու խոսուն կտավները ինչ են ուզում պատգամել իրեն… 