Main content

13 1 1Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ 
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

 


Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:


Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:


Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:


Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:


Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:


Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:


Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:
Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:


Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տեառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։


Տեառնընդառաջը՝ նշանվածների թե՞ նորապսակների տոն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:


Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:
www.qahana.am

Add comment


1