- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հունիսի 7-13-ը, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Սիսիանում անցկացվեց ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված հանրապետության տոնին:
Մասնակցում էին 14 թիմեր՝ Դելտա ( Իշխանասար), Դարբաս-Շամբ, Սիսիանի համայնքապետարան, Հացավան, Շաքի, Սիսիանի մարզադպրոց, Աղոթարան (Բռնակոթ)/, Ոստիկանություն, Կայծակ (Թասիկ ), Սալվարդ, Կարհաս(Սիսիան), Ախլաթյան, Ույծ, Անգեղակոթ: Եզրափակիչ խաղերը կայացան հունիսի 13-ին:
3-րդ տեղի համար պայքարն ընթացավ <Աղոթարան>( Բռնակոթ) և <Շաքի> թիմերի միջև: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, լրացուցիչ ժամանակում ևս հաշիվը մնաց նույնը: Իրացվեցին 11 մետրանոց հարվածներ, 5:4 հաշվով <Աղոթարան> թիմը արձանագրեց դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը: Առաջին և երկրորդ տեղերի համար պայքարեցին <Սիսիանի համայնքապետարան> և <Կարհաս> թիմերը:
Նույն պատկերը գրանցվեց այս խաղի ժամանակ, 1:1 հաշիվը փոխելու նպատակով ժամանակն ավելացվեց, մրցաշարի հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածների միջոցով, 5:4 հաշվով մրցակցին գերազանցեց <Սիսիանի համայնքապետարան> թիմը: Մրցաշարի չեմպիոնները արժանացան գավաթի, մեդալների, համայնքի ղեկավարի պատվոգրերի և դրամական պարգևի:Պատվոգրերով, մեդալներով ու դրամական պարգևներով պարգևատրվեցին նաև 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը: Համայնքի ղեկավարի շնորհակալագրերով պարգևատրվեցին մասնակից բոլոր թիմերը, ընտրված լավագույն խաղացողներն ու վարչական ղեկավարները:
Համայնքի ղեկավարն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակից թիմերին, մրցավարական կազմին, վարչական ղեկավարներին, շնորհավորեց հաղթող թիմերին: Նա վստահեցրեց, որ մրցաշարը կլինի ամենամյա և հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ թիմեր կմասնակցեն:
ՀՖՖ ներկայացուցիչ Ֆելիքս Մարտիրոսյանը, ով նաև եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարն էր, ֆեդերացիայի կողմից դիպլոմներ հանձնեց: 
Կայացավ ևս մեկ սպորտային միջոցառում՝ նպատակ ունենալով քարոզել առողջ ապրելակերպ ու համայնքում աշխուժացնել սպորտային կյանքը: Ավագ սերնդի ներկայացուցիչները փաստեցին՝ վերջին 20 տարվա ընթացքում մեր տարածաշրջանում նման մեծամասշտաբ ֆուտբոլային մրցաշար չի անցկացվել: Մրցաշարի մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը՝ խորին շնորհակալություն հայտնելով վերականգնվող սպորտային ավանդույթի ու մի քանի օր առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն ընձեռելու համար:
Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն իրականացվեցին Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի և <Սիսիանի ֆուտբոլի դպրոց> ՀՈԱԿ-ի կողմից: Մրցաշարի բացման և փակման հանդիսավոր արարողությունները իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին պատանի երգիչ Տիգրան Մինասյանը, Սիսիանի մանկական արվեստի դպրոցի և <Գրանդ> պարային համույթի սաները, զինվորական նվագախումբը:
Add comment
1