Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ ունեցավ մարզի բնակիչների, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսեց սյունեցիների խնդիրներն ու պատասխանեց նրանց հետաքրքրող տարբեր հարցերին: Հանդիպումների մեկնարկը տրվեց Սիսիանում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ իրեն մեղավոր է զգում, քայլարշավի երթուղում Սյունիքը չներառելու համար, թեպետ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ լինի մշտական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ներկաներին շնորհավորեց Սահմանադրության օրվա առիթով, ապա պատասխանեց քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ հարցերին: Սիսիանի բժշկական կենտրոնի լուծարմանը, ֆիզկուլտուրնիկների 4-րդ կարգի վթարային շենքի խնդրին վերաբերող և շատ այլ հարցեր վարչապետն ընդունեց ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ՝ շուտափույթ լուծում են ստանալու։ Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։ «Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվու՞մ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինն ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայնքներ, որոնք կցանկանան խոշորանալ և այդ դեպքում պետությունն ընդառաջ կգնա այդ ցանկությանը։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արտերկրում ապրող սիսիանցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրեց, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։
Գորիսում վարչապետը հանդիպեց համայնքների ղեկավարի հետ, քննարկվեցին համայնքներում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: Վարչապետն անդրադարձավ նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և համայնքի վարչական ղեկավարների բարձրացրած հարցերին: Սիսիանի համայնքի ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ տեխնիկայի բացակայության պատճառով դաշտամիջյան, միջբնակավայրային ճանապարհները անհնար է հիմնովին բարեկարգել, և որ համայնքը այս և շատ այլ խնդիրների լուծման նպատակով մի շարք ծրագրեր է ներկայացրել կառավարության հաստատմանը: Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված միջոցներ չեն եղել և հավելել, որ որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից: Օրվա երկրորդ կեսին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ:

Add comment