Հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում կայացավ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2015» պատանեկան միջազգային բաց մրցաշարը։ Այն արդեն 10-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Հայաստանի շախմատի ակադեմիան։

Մրցաշարն անցկացվեց տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։ Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և արտերկրից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Գերմանիայից, Շվեդիայից ժամանած մինչև 18 տարեկան շուրջ 300 պատանիներ և աղջիկներ։  

Մրցաշարին հաջողությամբ մասնակցել են նաև սիսիանցի պատանի շախմատիստները։ Սիսիանի շախմատի դպրոցի սան Լարիսա Մուսաթյանը մինչև 12տարեկան աղջիկների խմբում կիսել է 2-4-րդ տեղերը։ Մինչև 18 տարեկանների խմբում Հովհաննես Հակոբյանը գրավել է 4-րդ տեղը, իսկ Սուրեն Գեսյանը մինչև 16 տարեկանների մեջ գրավել է առաջին տեղը և իրավունք ստացել մասնակցելու աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։