2015 թվականի օգոստոսի 30-ից մեկնարկում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «ՏՐԱՆՍՀԱՅԱՍՏԱՆ. Հյուսիս-հարավ մարաթոնյան վազք եւ երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում»ծրագիրը: 
 
11 օրում ուլտրավազորդները պետք է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահման համարվող Բագրատաշենից վազքով հասնեն մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահման՝ Ագարակում: Վազորդները կհաղթահարեն 560 կմ՝ անցնելով Սեմյոնովկայի, Վարդենյաց, Սարավանի, Թասի եւ Մեղրիի լեռնանցքները:   
 
Հայաստանի հյուսիս-հարավ վազքին մասնակցում են ուլտրավազորդ, ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Անդրեյ Խաչատուրովը, «Տրի ակումբ-Երևան» ակումբի երկու վազորդ եւ Երիտասարադական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը: Վազորդները՝ որպես փորձառու ուսուցանողներ, ճանապարհային քաղաքներում (Իջեւան, Գավառ, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան) կհանդիպեն 200-ից ավելի երիտասարդների, նրանց հետ կանցկացնեն առողջ ապրելակերպի թեմայով հանդիպում-քննարկումներ, երիտասարդները կծանոթանան Անդրեյ Խաչատուրովի հաղթահարած ուլտրամարաթոնների պատմություններին եւ կսովորեն մարաթոնային վազքի գաղտնիքները: Երիտասարդներին կներկայացվեն նաեւ մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ակումբների զարգացման հեռանկարները մարզերում՝ «Տրի ակումբ-Երևան» ակումբի օրինակով:
  
2014 թվականին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն իսկ արդյունավետությամբ իրականացրել է «Երևան-Ստեփանակերտ մարաթոնյան վազք եւ երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի ընթացքում վազորդները հանդիպել են Եղեգնաձորի, Սիսիանի, Բերձորի, Ստեփանակերտի 150 երիտասարդների հետ ու տարածել առողջ ապրելակերպի գաղափարները: