Հանրապետությունում մեկնարկել է ֆուտբոլի մինչև 15 տարեկանների 2017-2018թթ. մանկապատանեկան առաջնությունը: Բ2 ենթախմբում հանդես են գալիս նաև <<Սիսիանի ֆուտբոլի դպրոց>> ՀՈԱԿ-ի սաները՝ դպրոցի տնօրեն Դավիթ Արզումանյանի և մարզիչ Ժորա Արզումանյանի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 23-ին Մասիս քաղաքում կայացավ Սիսիանի թիմի անդրանիկ խաղը. 3:1 հաշվով պատանի ֆուտբոլիստները պարտության մատնեցին <<Ալաշկերտ>> թիմին:


-Երեխաները փայլուն խաղ ցուցադրեցին,- հպարտորեն փաստում է մարզիչ Ժորա Արզումանյանը,- գոհ եմ թիմի խաղից և մաղթում եմ, որպեսզի նրանք նույն ոգևորությամբ հանդես գան առաջնության ամբողջ ընթացքում: Իսկ ֆուտբոլի դպրոցի կողմից նրանց դեպի հաղթանակ տանելու համար արվում է հնարավոր ամեն ինչ: Հակառակորդի դարպաս ուղարկված 3 գոլերի հեղինակը 10 համարի ներքո խաղացող Արմեն Բաբաջանյանն է, ում հետ հատկապես մարզիչները մեծ հույսեր են կապում:
Ի դեպ, ոչ հեռու ապագայում Սիսիանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ֆուտբոլի դպրոց, ինչը, տնօրեն Դավիթ Արզումանյանի խորին համոզմամբ, կնպաստի Սիսիանում ֆուտբոլի զարգացմանը, իսկ նմանօրինակ առաջնություններին թիմը հանդես կգա էլ ավելի լավ պատրաստված և մարզված:
Առաջնության շրջանակներում ֆուտբոլի դպրոցի սաների հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Կապան քաղաքում, մրցակիցը կլինի <<Օնոր>>  թիմը:
Առաջնության 1-ին խաղաշրջանը կավարտվի նոյեմբեր ամսին, իսկ 2-րդ խաղաշրջանին պատրաստվելու համար թիմերը մինչ հաջորդ տարվա մայիս ամիսը ժամանակ կունենան: