Սիսիանի ֆուտբոլի թիմի համար վերջին մի քանի շաբաթները անցնում են բավականին լարված ու հագեցած: Պատանի ֆուտբոլիստները միաժամանակ մասնակցում են ֆուտբոլի մինչև 15 տարեկանների 2017-2018 թվականների մանկապատանեկան առաջնությանը և մինչև 15 տարեկանների գավաթի խաղարկությանը: Մանկապատանեկան առաջնությունում հանդես

գալով Բ2 ենթախմբում՝ տղաները հասցրել են գրանցել  երկու հաղթանակ՝ 3:1 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին» և 5:3 խոշոր հաշվով՝  «Օնոր» թիմին: Արդյունքում Սիսիանի թիմը այս պահի դրությամբ գտնվում է առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Սիսիանցի ֆուտբոլիստները, մարզիչներ Դավիթ և Ժորա Արզումանյանների գլխավորությամբ, հաղթական ու փայլուն խաղ են ցուցաբերել նաև մինչև 15 տարեկանների գավաթի խաղարկությանը: Սեպտեմբերի 27-ին Արտաշատ քաղաքում կայացած առաջին խաղի ժամանակ 2:0 հաշվով մեր պատանի ֆուտբոլիստները պարտության էին մատնել «Արտաշատ» թիմին, վերջինիս հետ պատասխան խաղը կայացավ հոկտեմբերի 11-ին՝ Կապան քաղաքում: Երկու խաղերի ընդհանուր արդյունքում 3:2 հաշվով հաղթող է ճանաչվել Սիսիանի թիմը՝ անցնելով 1/8 եզրափակիչ: Նոյեմբերի 1-ին, գավաթի խաղարկության շրջանակներում, տղաները կհանդիպեն «Բանանցի» հետ, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 20-ին, մանկապատանեկան առաջնության հերթական հանդիպումն է.  Սիսիանի թիմի խաղացողները վերստին իրենց ուժերը կփորձեն «Արտաշատի» թիմի հետ: