Սիսիանի նորակառույց մարզադաշտում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Ֆուտբոլի եվրոպական միության և Ֆուտբոլի համաշխարհային միության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան,

ֆուտբոլի դպրոց է կառուցվում: Նոյեմբերի 30-ին, իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, Սիսիանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ շրջեց մարզադաշտում, եղավ կից մասնաշենքի կառուցման շինհրապարակում, հետևեց ֆուտբոլի դպրոցի տղաների պարապմունքներին: Դեռևս հստակ սահմանված չէ ֆուտբոլի դպրո՞ց, թե՞ ֆուտբոլի ակադեմիա, պարզ է սակայն, որ նորակառույց մարզական համալիրը կունենա մեկ արհեստական խոտածածկով մեծ խաղադաշտ, մեկ բնական և մեկ արհեստական խոտածածկով մինի դաշտեր, 500 նստատեղ, միջազգային չափորոշիչներին համապատասխան վազքուղի և կից մասնաշենք՝ կահավորված մարզչական, բժշկական և վարչական սենյակներով, հանդերձարաններով, սանհանգույցներով և լոգասենյակներով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գոհ մնալով կատարված աշխատանքներից, հեռանալուց առաջ տվեց նոր հանձնարարականներ: Դպրոցի բացումը նախատեսվում է գարնանը:

ՀՖՖ նախագահի այցի մանրամասները՝ տեսանյութում.