Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ ֆուտբոլի 2017-2018թթ. մինչև 15 տարեկանների գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում, Սիսիանի նորակառույց մարզադաշտում կայացավ Սիսիան-Գանձասար/ Կապան/ ֆուտբոլային հանդիպումը: Խաղը ընթացավ բավականին լարված մթնոլորտում: Անտեսելով անձրևային եղանակը՝ տասնյակ ֆուտբոլասերներ մարզադաշտ էին եկել՝ քաջալերելու Սիսիանի թիմին:

Խաղը դիտելու և տղաներին իր ներկայությամբ ոգևորելու էր եկել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նշենք, որ Սիսիանի թիմը հանդես է գալիս Բ ենթախմբում, իսկ ՙԳանձասար՚-ը՝ Ա ենթախմբում: Լինելով առավել փորձառու՝ ՙԳանձասար՚-ը 3-1 հաշվով հաղթանակ գրանցեց: Սիսիանի թիմի անհաջողությունները սկսվեցին հենց առաջին խաղակեսից. թիմի լավագույն հարձակվող, բազմաթիվ գոլերի հեղինակ Արմեն Բաբաջանյանի և ՙԳանձասար՚-ի ավագ Դավիթ Աթայանի միջև խաղի հենց առաջին րոպեներին վիճաբանություն տեղի ունեցավ և երկուսն էլ կարմիր քարտ ստացան՝ զրկվելով խաղը շարունակելու հնարավորությունից: ֆուտբոլասերների, ինչպես նաև մարզիչների կարծիքով մրցավարը փոքր-ինչ խիստ դատեց, նման իրավիճակում կարելի էր նաև դեղին քարտով բավարարվել, այնուամենայնիվ, մրցավարի վճիռը անբեկանելի էր: ՙԽաղը ընթացավ բավականին լարված: Տաքարյուն տղաներ են, լինում են նաև վիճաբանություններ, սակայն կարևորն այն է, որ խաղի ավարտին բոլոր անհամաձայնությունները թողնում ենք դաշտում: Ես Սիսիանի տղաների մոտ բավականին լուրջ առաջընթաց եմ նկատում: Սա մեր առաջին հանդիպումը չէ, մենք անցած տարիներին Բ ենթախմբի խաղերի ժամանակ ևս հանդիպումներ ունեցել ենք: Խաղը համարում եմ կայացած և գավաթի խաղարկությանը վայել՚,- ասաց ՙԳանձասար՚-ի գլխավոր մարզիչ Բենյամին Մանուչարյանը: Մարզիչ Ժորա Արզումանյանի հավաստիացմամբ պարտությունը Սիսիանի թիմի պատանի ֆուտբոլիստներին չի հիասթափեցրել. ՙԽաղը իսկապես շատ բարձր մակարդակով ընթացավ, չհաշված որոշ տհաճ իրավիճակներ: Տղաները չեն հիասթափվել, ավելին՝ նման ուժեղ թիմերի հետ խաղը նրանց համար մեծ փորձ է, և հետագայում՝ ավելի լավ հանդես գալու հիանալի շարժառիթ՚,- նշեց Ժորա Արզումանյանը: Տղաները վաղվանից ջանասիրաբար կսկսեն պատրաստվել առաջիկայում կայանալիք խաղերին: Ապրիլի 4-ին Կապանում կկայանա Սիսիան- Գանձասար պատասխան խաղը, իսկ ապրիլի 13-ին սպասվում է առավել լուրջ խաղ. 2017-2018թթ. մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության շրջանակներում կհանդիպեն ՙԱլաշկերտի՚ հետ: