ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը արդեն չորրորդ տարին է,  մարզպետարանների հետ համատեղ, մարզերի նախադպրոցական հաստատությունների միջև անցկացնում է սպորտլանդիա՝ տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերով:

Ամենամյա մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը Սիսիանում կազմակերպվեց բարձր մակարդակով, տոնական տրամադրությամբ: Սիսիանի նորակառույց մարզադաշտում իրենց ֆիզիկական կարողությունները ցուցադրեցին չորս նախակրթարանների ավագ խմբերի սաները: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Փոքրիկներին քաջալերելու էին եկել նաև նախակրթարանների աշխատակիցները, ծնողները: Մասնակից խմբերը մրցույթին ներկայացել էին   ինքնատիպ մարզահագուստներով, ոգեկոչող պաստառներով: Սպորտլանդիան ներառում էր հինգ վարժություններ, որոնց ընթացքում թիմերը ցուցաբերեցին մարզական բարձր պատրաստականություն: Մրցույթի հաղթող ճանաչվեց Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ը: Երկրորդ տեղում թիվ 1 նախակրթարանն էր, երրորդում՝ թիվ 4-ը: Մրցանակային տեղեր գրաված երեք նախակրթարանները արժանացան նվերների: Առաջիկայում հաղթող թիմը կմեկնի Կապան՝ մասնակցելու մրցույթի մարզային փուլին: