- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Մարտի 28-ին Ազգային ժողովում , ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, արծարծվեց Սիսիանի համայնքի որոշ բնակավայրերում ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրը:
Սիսիանի համայնքապետարանից տեղեկացանք, որ խնդրին առնչվող հարցերը համայնքի ղեկավարի կողմից բազմիցս բարձրաձայնվել են: Ձեռնարկվել են նաև մի շարք գործնական քայլեր. Մինչ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպել են Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների հետ, քննարկել հետագա անելիքները:
2018 թվականին, <Շեն> բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, Անգեղակոթ բնակավայրում իրականացվել են 3.5 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ:
Համայնքի և <Կամրջակ> սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ այս տարի ոռոգման ցանց կկառուցվի նաև Մուցք բնակավայրում:
Համայնքապետարանի կողմից, ի թիվս այլ սուբվենցիոն հայտերի, ս.թ մարտի 7-ին ներկայացվել է Անգեղակոթ, Բռնակոթ և Որոտնավան բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագրի հայտ: Ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի 172 մլն ՀՀ դրամ:
ԱԺ-ում վարչապետին ներկայացվեց նաև չջրվող ջրովի հողերի հարկման հետ կապված խնդիրը: Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ Սիսիանի համայնքապետարանը դեռևս 2018 թվականից սկսել է հողերի կադաստրային բազայի ճշգրտման գործընթացը: Համայնքապետարանի և բնակչության ցանկությունը ոչ թե հողերի նշանակության փոփոխումն է, այլ՝ ջրովի հողերը իրենց նպատակին ծառայեցնելը:
Add comment
1