Main content

 

Սիսիանի համայնքի Մուցք բնակավայրը ապահովվեց  ոռոգման մշտական ջրով: Սիսիանի համայնքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ կառուցվել է 2.5 կմ երկարությամբ ջրագիծ:

«Կամրջակ» կազմակերպության միջնորդությամբ ծրագրի իրականացմանը աջակցել են հոլանդացի բարերարները, ովքեր խնդրին ծանոթացել էին դեռևս 2018 թվականի հունիսին՝ Սիսիան կատարած այցի ժամանակ: Մեկ տարի անց նրանք նորից Սիսիանում են, այս անգամ արդեն ծանոթանալու  կատարված աշխատանքներին: Հունիսի 27-ին, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, բարերարները այցելեցին Մուցք, որտեղ նրանց դիմավորեցին զուռնա դհոլով, ու ծափողջյուններով:

Ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 18 մլն 498 հազ. դրամ, որից 11 մլն. 6 հազ. դրամը տրամադրվել է «Կամրջակ» կազմակերպության կողմից: Աշխատանքներն իրականացրել է «Հարսնաձոր» ՍՊԸ-ն: Բնակիչներն արդեն հասցրել են փորձարկել ջրագիծը, գոհ են, ջուրն անարգել և առանց կորստի հասնում է գյուղ: Նրանք ակնկալում են բերքատվության և եկամուտների եռակի բարձրացում: 
Աշխատանքներից գոհ էին նաև բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները: <Կամրջակ> սոցիալ- բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Բենիամին Աղամալյանը համոզմունք հայտնեց, որ տարեցտարի գյուղում կավելանան մշակվող հողատարածքները:«Մեծ ցանկության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր,  լուծվեց համայնքի կարևորագույն խնդիրներից մեկը»,-ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Բարերար Հեննի Բոսը հույս հայտնեց, որ ջրագծի առկայությունը նկատելիորեն կբարելավի Մուցքի բնակիչների սոցիալական վիճակը:
Կատարված աշխատանքի իրական գնահատանքը, իսկապես,  կլինի առատ և որակյալ բերքը, գյուղում մշակվող հողամասերի ավելացումն ու գյուղատնտեսության զարգացումը:




 

Add comment


1