- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի խոշորացված համայնքում առկա խնդիրների վերլուծությունը ցույց է տվել՝ բնակչության կողմից հնչող բողոքները հիմնականում առնչվում են կոմունալ ծառայությունների բարելավմանը:
Խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, ձյան մաքրում և այլն, խնդիրներ, որոնց լիարժեք լուծման համար կոմունալ ծառայություններ իրականացնող մեքենամեխանիզմները ոչ միայն փոքրաթիվ են, այլև ծայրահեղ մաշված: Խնդրի միակ լուծման ուղին նոր մեքենասարքավորումների ձեռքբերումն է, որը Սիսիանի համայնքապետարանը փորձում է իրականացնել «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կոմունալ ծառայությունների և աղբահանության համակարգի բարելավում, ճանապարհների սպասարկում» ծրագրի միջոցով: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Հուլիսի 30-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և հիմնադրամի աշխատակիցները, համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում, վարչական ղեկավարներին և բնակչությանը ներկայացրեցին ծրագրի ընթացքին վերաբերող մանրամասներ:
Առաջին քայլն արված է, ծրագրի նախնական փորձաքննությանը տրվել է դրական եզրակացություն: Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանի խոսքով ծրագիրը կօգնի ոչ միայն խնայել համայնքային միջոցները, այլ նաև կնպաստի տնտեսական զարգացմանը: Համայնքի վարչական ղեկավարները համոզված են, ծրագրի շնորհիվ իրենց գյուղերում կլուծվեն տասնամյակների պատմություն ունեցող բազմաթիվ խնդիրներ: Ծրագրի արդյունքում ձեռք կբերվի վեց անուն տեխնիկա, կստեղծվեն աշխատատեղեր: Տեխնիկայի ձեռքբերման ծրագրի ընդհանուր արժեքը 213 մլն 20 հազ դրամ է, համայնքի ներդրումը կազմում է 5 տոկոս: Այս քննարկումից հետո ընթացք կտրվի 2-րդ փորձաքննությանը, վերջնական հաստատման փուլը կավարտվի 2020 թվականին:
Add comment
1