Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզում է: Բարձրաստիճան այլ պաշտոնյաների, մասնագետների եւ ֆերմերիների հետ դիտարկում է հացահատիկի ցանքատարածությունները:

«Ուրախալինայն է, որ այս տարի Սյունիքում նախորդ տարվա համեմատությամբ մոտ 2000 հա-ով ավելի ցանքատարածություն է մշակվել,- նշում է նախարարը: -Այս 1-ին վերատադրության, էլիտար ցորենը գնելու ենք եւ որպես սերմացու տալու ենք գյուղացիներին»:

Հացահավաք մեքենան հիմա աշխատում է Սեւադա Իվանյանի ցանքատարածությունում: Գյուղատնտեսը առողջ եւ շատ հատիկ ստանալու հարցում կաեւորում է հողին պահ տրվող սերմացուի տեսակը: Տարիների ընթացքում առանձնացրել է որակյալ հացահատիկ ապահովող սերմատեսակները:

«Մեր պայմաներում բարձր բերք է ստացվում «Կրասնոդար- 99», «Վասսա», «Կոլեգա», «Տանյա» սերմերից»,-նշում է գյուղատնտեսը:

Սեւադա Իվանյանն այս տարի շուրջ 120 հա հացահատիկ է ցանել: Մշակել է ագրոտեխնիկական կանոնները չշրջանցելով: Այս ցանքատարածության մի մասն արդեն հնձվել է. կանխատեսումները շոշափելի են դառնում:

«Բերքատվությունը փոփոխական է՝ նայած դաշտերի, կլիմայի՝  25-45 ցենտներ: Կոնկրետ այս դաշտից կստանանք  40 ցենտներ, ինչը անջրդի պայմանների համար գերազանց արդյունք է»- ավելացնում է գյուղատնտեսը:

Հացահավաքի աշխատանքներին հետեւում է նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վաղ գարնանային ցրտահարությունները, այս տարի պարբերաբար  դարձած կարկտահարությունը զգալի վնաս են հասցրել մարզի պտղատու ծառերին:

«Ցրտահարության պատճառով Մեղրու տարածաշրջանում մենք բերքի բավականին կորուստներ ունեցանք, բայց կառավարության պահուստային ֆոնդից կարողացանք աջակցության ծրագիր իրականացնել: Հողի հարկի եւ ոռոգման ջրի մասով որոշակի փոխհատուցում իրականացրինք: Դաշտավարության մասով մարզում գոհացուցիչ են արդյունքները: Տարեցտարի ավելանում են նաեւ վարելահողերը, միավորից բերքատվությունն էլ բարձր է: Իհարկե առանձին հատվածներում նաեւ կարկտահարություն եղավ, սակայն դա մեծ մասշտաբներ չունեցավ»-նշում է մարզպետը: 

Կարկուտից մարզի հացահատիկի որոշ ցանքատարածություններ վնասներ կրել են, սակայն առանձին դաշտերից ակնկալվող բարձր բերքատվությունը թույլ է տալիս մասնգատներին մարզում միջին բերքատվությունը հաշվարկել մոտ 30 ցենտր 1 հա-ից, որը, ըստ նրանց, լավ ցուցանիշ է:

«Այս տարի 15.029 հա ցորեն ունենք, 7.200 հա  գարի եւ այլ հատիկային կուլտուրաներ: Անցյալ տարվա համեմատությամբ 1800 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքսերն ավելացել են: Հաջորդ տարի դրանք եւս 500 հա-ով կավելանան»,- ասում է մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

Սիսիանում հաջորդ տարի հացահատիկի նոր ցանքատարածությունների աճը կանխատեսվում է գյուղացիական տնտեսությունների՝ հացահատիկի սերմանյութեր, պարարտանյութեր պահանջող հայտերի հիման վրա: Գյուղացիների նշված պահանջները, պաշտոնյաների խոսքով, կկատարվեն: Հատիկահավաք մեքենաների խնդիրը գյուղացիները ներկայում հրատապ են համարում:
«Չի կարելի ասել, որ կոբայն չկա, կոմբայներ կան բավարար քանակով, բայց հին են: Կորուստները մեծ են, վառելիքի ծախսը՝ շատ:

Վերջին 2 տարում կարողացանք պետական աջակցությամբ տրակտորների հարցը լուծել.  անցյալ տարի եւ այս տարի մոտ 350 տրակտոր է մտել Հայաստան  եւ լիզինգային կարգով գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել: Շատ ցածր գներով: Կզբաղվենք նաեւ կոմբայնների խնդրով»- նշում է գյուղնախարարը:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Շամբի «Տատնի» հանքային ջրերի ու «Շամբ-բիզնես» պահածոների գործարաններ: Ծանոթացավ արտադրատեսականուն, աշխատանքային պայմաններին:

Պահածոների գործարանը ներկայում Ձորերի ենթաշրջանի պտուղ-բանջարեղենի հիմնական մթերողն է: Զբաղվում է նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի, միրգ-հատապտուղների մշակությամբ: Դրանք էլ հետագայում հայկական մարինատ, կոմպոտ ու մուրաբա են դառնում եւ հիմնականում սպառվում են Ռուսաստանի Դաշնությունում: