«Ինքնահոս ջրերով հարուստ Սիսիանում, բա սիսիանցին ծարավ մնա»-, ասում են անցորդները և հիացմունքով հետևում նախկին Որոտան կինոթատրոնի հարակից պուրակում ընթացող շինարարական աշխատանքներին: Պուրակը կստանա իր երբեմնի գեղեցիկ տեսքը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ՝ պուրակի աջ և ձախ հատվածների ցայտաղբյուրները վերանորոգվում են և շուտով կգործեն:

Աշխատանքներն իրականացնում է Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսությունը:
Ինքնատիպ ճարտարապետական արժեք ներկայացնող այս ցայտաղբյուրները տարիներ շարունակ անուշադրության են մատնված եղել, իրենց նպատակային նշանակությունը կորցրած՝ ծառայելով որպես աղբարկղեր: Նորոգվել և վերագործարկվել են նաև քաղաքի կենտրոնական հրապարակի ցայտաղբյուրները: «Սիսիանում իրականացվող բարեկարգման աշխատանքները ամենօրյա են և շարունակական»-, վստահեցնում է կոմունալ տնտեսության տնօրեն Գարեգին Բաղդասարյանը:
Կենտրոնական փողոցների և մայթերի բաժանարար հատվածները, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, կանաչապատվել և ծաղկապատվել են: Լուսավորվել են փողոցները և բակերը: Համապետական շաբաթօրյակի ժամանակ տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրվել են քաղաքի թե` կենտրոնական,  թե` ծայրամասային հատվածները: Ամենօրյա աշխատանքները ոգևորում  և  հիացնում են համայնքի բնակիչներին:
Քաղաքային իշախանությունների հոգատար և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ օր օրի Սիսիանի ճարտարապետական դիմագիծը վերականգնվում  և  բարեփոխվում է: