Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական միջնորդությամբ,Սյունիքի մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակներում, Սիսիանում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Համայնքապետարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում փոխվում են 4 բազմաբնակարան շենքերի տանիքները, կապիտալ վերանորոգվում է Սիսիանի բժշկական կենտրոնի դիահերձարանի շենքը, իսկ  2-րդ հիմնական դպրոցի գլխավոր մասնաշենքի պատուհանները  արդեն իսկ փոխվել են:
Գարեգին Նժդեհ 4 շենքի բնակիչները գոհ են իրականացված վերանորոգման աշխատանքներից, ուրախ են, որ վերջապես կազատվեն տարիներ շարունակ իրենց անհանգստացնող գլխացավանքից՝  կաթկթացող տանիքներից: Նրանց անհանգստացնղ հարցերից է նաև շենքի առջևի բարձր ծառը. տանիքին փռված  ճյուղերը ժամանակի ընթացքում կարող են խնդիր առաջացնել: Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի հավաստմամբ խնդիրը կլուծվի աշնանային էտի ժամանակ:
Մարզպետարանի հրատապ ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում են Սիսիանում կատարել  առաջնահերթ լուծում պահանջող ևս մի քանի շինարարական աշխատանքներ: