«Ռազմավարական զարգացման գործակալությունը» կշարունակի համագործակցել խոշորացված Սիսիանի համայնքի հետ: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում, 2010-2017 թվականներին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվության և առաջիկա անելիքների պլանավորման նպատակով, ծրագրի համակարգող Վարդան Համբարձումյանը և ծրագրի գլխավոր խորհրդատու Գագիկ Թովմասյանը փետրվարի 16-ին՝ Սիսիանի համայնքապետարանում, հանդիպեցին համայնքի վարչական ղեկավարների հետ:


2010-2017 թվականներին Սիսիանի տարածաշրջանի նախկին 20 համայնքներում իրականացվել են 33 ծրագրեր: Միայն վերջին 5 տարիներին կյանքի կոչված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 76 մլն դրամ: Շուրջ 12600 հեկտար արոտավայրեր օգտագործման համար դարձել են հասանելի, 22 բնակավայրերի համար կազմվել են արոտների կառավարման պլաններ: Մի շարք բնակավայրերում ձևավորվել են անասնաբուժական կետեր, կառուցվել են մակատեղեր, հովվի տներ, ջրախմոցներ, վերանորոգվել են դաշտամիջյան ճանապարհներ: Կայուն կերարտադրություն կազմակերպելու համար, որպես պիլոտային ծրագիր, իրականացվել է բազմամյա խոտաբույսերի ցանք:  Կատարված աշխատանքները շատ են, արդյունքները՝ դրական, ցուցանիշները՝ խոսուն:
Խորհրդակցության ներկա վարչական ղեկավարներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ խոշորացված համայնքի պարագայում, միգուցե, բնակավայրերը ծրագրի ուշադրությունից դուրս մնան: Ծրագրի գլխավոր խորհրդատու, Հայաստանի Ագրարային համալսարանի դոցենտ Գագիկ Թովմասյանի պնդմամբ մտահոգությունը տեղին չէ:
Խոշորացված համայնքներում «Ռազմավարական զարգացման գործակալության» կողմից առաջարկվող ծրագրերում, որպես կարևոր օղակ, դիտարկվում է hամայնքպետարանի գյուղատնտեսության բաժինը:
»Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում« ծրագրի առաջիկա 3 տարիների անելիքները ճիշտ պլանավորելու և իրատեսական քայլեր ձեռնարկելու նպատակով ծրագրի համակարգողները առաջարկեցին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կներառեն շարքային հողօգտագործողներից մինչև ՏԻՄ ներկայացուցիչներ:
Հետագա անելիքների առումով խորհրդակցության մասնակիցները տարակարծիք էին, ոմանք առաջնահերթ լուծում պահանջող խնդիր համարեցին դաշտամիջյան ճանապարհների վերանորոգումը, ոմանք՝ դաշտավարության ճիշտ կառավարումը, ոմանք էլ՝ բնական ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Կարծիքները իրարամերժ էին, հակասական, բայցև՝ ընդունելի:
2018 թվականին գործակալության և «Գերմանական միջազգային հիմնադրամի» համաֆինանսավորմամբ Սիսիանի տարածաշրջանի երկու խոշորացված համայնքների 6 բնակավայրերում դեգրատացված արոտավայրերի վերականգնման ուղղությամբ կիրականացվի ցուցադրական ծրագիր, որն իր արդյունքներով հանրապետությունում կդառնա օրինակելի նախադեպ:

Add comment