Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, գյուղատնտեսության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը Սիսիանի համայնքապետարանում հանդիպեց  համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, քննարկվող հարցերը վերաբերվում էին 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքներին: 
Ինտենսիվ այգեգործություն, կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, լիզինգով տեխնիկայի տրամադրում, սուբսիդավորված վարկերի տրամադրում, գարնանացան մշակաբույսերի սերմերի և պարարտանյութերի մատակարարում, սրանք ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող պետական այն ծրագրերն են, որոնց շուրջ էլ ծավալվեցին հանդիպման հիմնական քննարկումները:

Ծրագրերի շահավետության և պետության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման վերաբերյալ խոսեց Գագիկ Խաչատրյանը: «Թվարկված ծրագրերի նկատմամբ Սիսիանի տարածաշրջանում  զգալի անտարբերություն կա,  պատճառը  մարդկանց իրազեկված չլինելն է»,-նկատեց Գ. Խաչատրյանը: 
Անասնապահության բնագավառին վերաբերող հարցերի շուրջ խոսեց Սյունիքի մարզի անասնաբույժական ծառայության պետ Կամո Սարգսյանը: Քննարկվեցին անասնաբույժների աշխատավարձերի, անասնահամաճարակային պետական միջոցառումներ իրականացնելու, տոհմային աշխատանքների ակտիվացման, հիվանդ անասնագլխաքանակի լիկվիդացման և սննդի անվտանգության հետ կապված հարցեր: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Թանգյանը հորդորեց առավել մեծ ուշադրություն դարձնել անասունների հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների պատշաճ կատարմանը:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային գրասենյակի խորհրդատու Վալերիկ Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, կազմակերպվող դասընթացների կարևորությունը և սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմանները: 
Գագիկ Խաչատրյանը հանձնարարեց, գարնանային գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և կանոնակարգված սկսելու նպատակով, սեղմ ժամանակահատվածում հստակեցնել սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի պահանջարկը և ներկայացնել մարզպետարան: