Կարտոֆիլն իր նշանակությամբ երկրորդ պարենային մշակաբույսն է հացահատիկից հետո, երբեմն այն անվանում են նաև ՙերկրորդ հաց՚: Սիսիանի համայնքի գյուղացիական տնտեսությունների մեծամասնությունը զբաղվում է այս արժեքավոր մշակաբույսի արտադրությամբ: Կարտոֆիլի բերքատվության բարձրացման և սորտաթարմացման նպատակով ՙԿամրջակ՚ սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը Սիսիանի համայնքի 12 գյուղական բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես օգնություն,

կարտոֆիլի բարձրորակ սերմ հատկացրեց: Ավելի քան 300 ընտանիք հնարավորություն ստացավ այս տարի հողին ի պահ տալ կարտոֆիլի որակյալ սերմ: ՙԿամրջակ՚ կազմակերպության ներկայացուցիչները՝ նախագահ Մարի Գորիսի գլխավորությամբ, գյուղից գյուղ անցնելով, բաժանեցին գրեթե 30 տոննա ընդհանուր քանակով տնկանյութ: Աշխատանքները տեղում համակարգում էին Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները: Այցելելով գյուղեր՝ տիկին Մարին անձամբ ծանոթանում էր շահառուների հետ, լսում նրանց պատմությունները ու ևս մեկ անգամ համոզվում. օգնությունն իսկապես տեղին էր և անհրաժեշտ: ՙՍորտաթարմացումը և բարձրորակ սերմը տարիների ընթացքում անպայման արդյունք կտան՚,- ասում են հողի մշակները և ակնկալում բարձր բերքատվություն, հատկապես որ տնկանյութերից ՙՄոնա Լիզա՚ տեսակին քաջածանոթ են. այն բերքատու է, շատ համեղ և հարմար տեղի բնակլիմայական պայմաններին: