Main content

Մայիս և հունիս ամիսները Սիսիանի տարածաշրջանում բավականին տեղումնառատ էին, աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի դաշտերը տեղատարափ անձրևների ու քամիների պատճառով լուրջ վնասներ են կրել: Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 20-30 ցենտներ,

սակայն դաշտերի ներկայիս վիճակը նման բերքատվություն դժվար թե ապահովի: Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի խոսքերով, եթե առաջիկա օրերը ևս տեղումնառատ լինեն և հողը չջրազրկվի, ապա կորուստները էլ ավելի կմեծանան: Պետությունը կաջակցի, թե՝ ոչ, դեռ վաղ է ասել: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանից ճշտեցինք, որ բնակավայրերում ստեղծվել են վնասների գնահատման հանձնաժողովներ, վնասների չափը պարզ կդառնա ուսումնասիրություններից հետո: Գերխոնավությունը կարող է նաև սնկային հիվանդությունների տարածման և ենթացանքերի նեխման պատճառ դառնալ: Մշակաբույսերը վնասվել են ցողունակալման և հասկակալման փուլում, ինչն էլ քչացնում է վերականգնման հավանականությունը: Մնում է հուսալ, որ բնությունը փոքր-ինչ գթասիրտ կգտնվի, գերխոնավությունից վնասված մշակաբույսերի ցանքերի միակ դարմանը արևի շողերն են:

Add comment


1